Երվանդ Հենրիկի Խունդկարյան

Ծնվել է 1972 թվականին՝ Երևան քաղաքում։

1989 թվականին ընդունվել և 1994 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։

1992 թվականի ապրիլի 15-ից աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար, օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատու, քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատու։

1996 թվականի նոյեմբերից մինչև 1998 թվականի մայիսը ծառայել է ՀՀ ազգային բանակում:

Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատու։

1999 թվականի հունվարից աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

ՀՀ Նախագահի 2001 թվականի հոկտեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր, իսկ 2008 թվականի հունվարի 1-ին՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2008 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, երկու տարի անց՝ նույն պալատի նախագահ:

2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։

2018 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ և պաշտոնավարել մինչև 2020 թվականը։

2010 թվականից հանդիսացել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահ, ՀՀ դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ։ 2013 թվականին ընտրվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ։

2014 թվականին ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ, իսկ հետագայում՝ նույն հանձնաժողովի նախագահ։

2016, 2018 և 2020 թվականներին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ։

2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ։

2014 թվականի սեպտեմբերի 18-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2017 թվականի դեկտեմբերի 29-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

2020 թվականի հունվարի 18-ին, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատական համակարգերի համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով:

2020 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:

2021 թվականից Եվրոպայի Խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովում (CEPEJ) Հայաստանի Հանրապետության անդամ է։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: