ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Զելիմի ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ծնվել է 1978 թվականին՝ Երևան քաղաքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1993 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոցը։

 

1998 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել և 2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:

 

2001 թվականին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

2006 թվականից մինչև 2010 թվականը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Մոսկվայի պետական համալսարանի դոկտորանտ:

 

2010 թվականին նույն համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

 

Իրավաբանական գիտությունների թեկնածուի դիպլոմը հավաստագրվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության ոլորտում հսկողության դաշնային ծառայության կողմից, իսկ իրավաբանական գիտությունների դոկտորի դիպլոմը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:

 

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի 2017թ. փետրվարի 17-ի որոշմամբ Լ․Թադևոսյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1998 թվականից մինչև 2012 թվականի հունիս ամիսն աշխատել է Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում,

 

12.1998թ. մինչև 01.1999թ. - Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի դատախազության ստաժոր-քննիչ,

 

01.1999թ. մինչև 04.2001թ. - Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազության քննիչ,

 

04.2001թ. մինչև 11.2004թ. - նույն դատախազության ավագ քննիչ,

 

11.2004թ. մինչև 05.2006թ. - Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական,

 

05.2006թ. մինչև 11.2007թ. - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ,

 

11.2007թ. մինչև 10.2011թ. - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,

 

10.2011թ. մինչև 30.06.2012թ. - նույն վարչության ավագ դատախազ:

 

Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտամեթոդական խորհրդի անդամ:

 

1998 թվականից, համատեղության կարգով, զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտում։

 

Դասավանդել է նաև «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում:

 

Լ․Թադևոսյանը հանդիսանում է Երևանի պետական համալսարանում գործող` Բարձրագույն որակավորման կոմիտեի իրավագիտության մասնագիտական խորհրդի և Հայ-ռուսական համալսարանում գործող` Բարձրագույն որակավորման կոմիտեի իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ։

 

Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է:

 

2012 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

2016 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

 

Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 20-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ:

 

2021 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ:

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լ․Թադևոսյանը հեղինակ է 70-ից ավել գիտական աշխատությունների` հրապարակված Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ 6 մենագրության։ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում հրատարակված՝ քրեական իրավունքի դասագրքի համահեղինակ է:

 

2003 թվականին վերապատրաստվել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի՝ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտման կենտրոնում, իսկ 2005 թվականին` նույն համալսարանի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի երիտասարդ դասախոսների Պետերբուրգյան դպրոցում, ստացել համապատասխան հավաստագրեր: Մասնակցել է փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների, բազմաթիվ միջազգային գիտաժողովների (Հունգարիա, Եգիպտոս, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չեխիա, Գերմանիա):

 

2007 թվականին պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով։

 

Դատախազության մարմիններում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար 2012 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից խրախուսվել է շնորհակալագրով, բազմիցս պարգևատրվել և խրախուսվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամաններով։

 

Իրավագիտության ոլորտում և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2020 թվականի մայիսի 26-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։

 

Իրավագիտության զարգացման և իրավակարգի ու օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2021 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

ՈՒՂԵՐՁՆԵՐ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ

08.03.2023 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ, ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԵՎ ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ կանայք և աղջիկներ,

 

 Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց տոնի՝ մարտի 8-ի և Կին դատավորների միջազգային օրվա առթիվ:

Գարնանային այս տոներն առիթ են մեծարելու հայ կնոջն ու արժևորելու նրա բացառիկ դերակատարությունը Պետության կայացման ու հզորացման, Հայրենիքի նվիրյալ զավակների կրթության ու դաստիարակության, հանրային համերաշխության և ընտանեկան ջերմության ապահովման կարևորագույն բնագավառներում:

Մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և անսպառ եռանդ՝ լավագույնս իրականացնելու Ձեզ վստահված բարձր առաքելությունը՝ ի նպաստ մեր Պետության հզորացման և դատական իշխանության արդյունավետ գործունեության:

 

 Հարգանքով՝

Հայաստանի Հանրապետության

Վճռաբեկ դատարանի նախագահ,

Հայաստանի Հանրապետության

վաստակավոր իրավաբան

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

31.12.2022 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող 2023 թվականը լինի մեր երկրի անցած ճանապարհի վերաարժևորման, մեր պետության առաջընթացի, պետականության ամրապնդման, մեր առջև ծառացած մարտահրավերների արդյունավետ հաղթահարման տարի:
Դժվարություններով ու փորձություններով լի այս պատասխանատու ժամանակաշրջանում, առաջնային խնդիրն է մեր ջանքն ու եռանդն օգտագործելը հօգուտ Հայրենիքի հզորացման, ներկա և ապագա սերունդների համար խաղաղ, բարեկեցիկ և անվտանգ միջավայրի կերտման, որտեղ նաև հարգված և պաշտպանված են մարդու իրավունքների ու ազատությունների անսասան երաշխիքները։
Գալիք տարում մաղթում եմ մեր Հայրենիքին կայուն խաղաղություն, համերաշխություն և նորանոր ձեռքբերումներ, յուրաքանչյուր հայի ընտանիքին՝ բարեկեցություն, սեր ու ջերմություն։ 
Հաստատապես ընդգծենք, որ մեր միասնությունն ու հավաքական ներուժը մեր առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և հզոր Հայրենիքի կերտման գրավականն են։

Հարգանքով,
Հայաստանի Հանրապետության 
Վճռաբեկ դատարանի նախագահ,
Հայաստանի Հանրապետության 
վաստակավոր իրավաբան
ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

08.12.2022 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի´ գործընկերներ,
Ուսումնական գործընթացի արդյունավետության և որակի բարձրացման անհրաժեշտությունը մշտապես պահանջում է  կրթական ծրագրերի բարելավում և արդիական մասնագիտական գրականության ապահովում՝ դասագրքերի, ուսումնական նյութի և ուղեցույցների հրապարակման միջոցով, որոնք ունեն թե´ տեսական և թե´ գործնական կարևոր նշանակություն: Աքսիոմատիկ իրողություն է այն, որ լավագույն մասնագետների պատրաստման գրավականներից է որակյալ մասնագիտական գրականության առկայությունը։ Ուստի, իրավաբանի մասնագիտական գրադարանի համալրմանն ուղղված նոր նյութերի լույսընծայումն արժանի է հատուկ ուշադրության և գնահատանքի։
Այսպես, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոսների համահեղինակությամբ լույս տեսած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարություն» առաջին գիրքը, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարություն» առաջին գիրքը և «Հողային իրավունք» դասագրքի ընդհանուր մասն այս առումով կարող են առանցքային նշանակություն ունենալ իրավունքի այս ճյուղերով հետաքրքրված իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացման համար՝ նկատի ունենալով նաև նշված թեմաներով արդիական հայրենական մասնագիտական գրականության բացակայությունը։
Այսպես, 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարություն» դասագիրքն առաջին համալիր աշխատանքներից է՝ դատավարական օրենսդրական նոր կարգավորումների հիման վրա, որն անկասկած, իր հիմնաքարային ներդրումը կունենա ինչպես ուսանողների և քաղաքացիական դատավարության իրավունքի ճյուղով հետաքրքրված անձանց մասնագիտական կարողությունների կատարելագործման, այնպես էլ ինքնին քաղաքացիական դատավարության իրավունքի ճյուղի զարգացման գործում։ Պրակտիկայում հանդիպող իրավական խնդիրները համակարգային ուսումնասիրության ենթարկելու, դրանց վերաբերյալ դատական պրակտիկայում նոր խոսք ասելու և քաղաքացիական դատավարական իրավունքի զարգացումն ապահովելու առումով դասագիրքը հնարավորություն կընձեռի մասնագիտական առավել ամուր հենքի վրա առաջարկել համալիր լուծումներ՝ ուղղված այդ խնդիրների հաղթահարմանը։
Նույն մոտեցմամբ առանձնակի կարևորություն ունի նաև «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարություն» գրքի հրատարակումը, որը նույնպես առաջին համալիր ուսումնասիրությունն է վարչական դատավարության իրավունքի ճյուղում։ Լինելով հանրային իրավունքի առանցքային ուղղություններից՝ վարչական իրավունքի դատավարական բնույթ կրող հիմնահարցերի առավել համապարփակ ուսումնասիրությունը նոր թափ կհաղորդի վարչական դատավարական իրավունքի զարգացմանը։
Ինչ վերաբերում է «Հողային իրավունք» դասագրքի ընդհանուր մասի հրատարակմանը, ապա պետք է ընդգծել, որ այն իրավունքի այս ճյուղին առնչվող առաջին նման աշխատությունն է և ակնհայտ է, որ անվտանգ շրջակա միջավայր ապահովելու մարտահրավերների ներկայիս ժամանակաշրջանում, նշված դասագիրքը հողային իրավունքի մասնագիտական նեղ ոլորտում նոր հետազոտությունների խթան կհանդիսանա և կընդարձակի այս ոլորտում մասնագիտական հետաքրքրություն ունեցող իրավաբանների շրջանակը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ նշված տեսական գրականության աղբյուրները կարևորվում են նաև այն առումով, որ դրանք մշտապես դինամիկ զարգացման մեջ գտնվող դատավարական իրավահարաբերությունների հետ կապված հարցերով կարող են օգտակար նշանակություն ունենալ օրենսդրական բացերի լրացման և հակասությունների հաղթահարման արդյունավետ լուծումներ մշակելու գործում։
Վստահ եմ, որ դասագրքերը ոչ միայն կարևոր իրավունքի աղբյուր են լինելու ուսանողների, այլ նաև դատավորների, դատախազների, փաստաբանների, իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար: Ընդ որում, եթե մասնագիտական հանրությունը դասագրքերը կարող է օգտագործել իրավակիրառ պրակտիկայի և ակադեմիական հետազոտություններ կատարելու համար, ապա ոչ մասնագիտական հանրության կողմից դրանք կարող են օգտագործվել իրավագիտակցության բարձրացման, իրավունքի պաշտպանության եղանակների բացահայտման համար։
Ուստի, անվիճելի է, որ նշված դասագրքերի համահեղինակների և ՀՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի անդամների կողմից կատարված այս մեծածավալ աշխատանքն անկասկած իր ներդրումն է ունենալու իրավագիտական մտքի առաջընթացի մեջ և բարձրացնելու է քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության և հողային իրավունքի զարգացման ներկայիս նշաձողը։
Շնորհավորում եմ լույսընծայված աշխատությունների հեղինակային խմբի անդամներին և հեղինակային խմբի ղեկավար՝ ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանին և մաղթում եմ մասնագիտական ու ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ,
ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ,
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ
ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

08.07.2022 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 24 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ գործընկերներ,

 

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի կազմավորման 24 ամյակը, ինչը ևս մեկ առիթ է վերաարժևորելու անցած ճանապարհը, որոշակիացնելու դատական համակարգի առջև ծառացած առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ռազմավարական ճանապարհները, որոնք առաջիկա տարիների ընթացքում մեզ պետք է ավելի մոտեցնեն մեր պատկերացրած տեսլականին՝ ունենալ կանխատեսելի արդարադատություն, մարդու իրավունքների դատական պաշտպանության հուսալի կառույց՝ զերծ օրինականության պահանջների որևէ շեղումներից։

Գլոբալիզացիայի ժամանակաշրջանում, երբ իրավունքն այլևս լոկ օրենսդրական կարգավորում չէ, իսկ համաշխարհային զարգացումներն աննախադեպ արագությամբ փոփոխում են միջազգային իրավունքի էությունն ու բովանդակությունը, Վճռաբեկ դատարանը չի կարող հայրենական իրավունքի զարգացումը սահմանափակել օրենսդրական կարգավորումների տեխնիկական կիրառման շրջանակով։ 

Վճռաբեկ դատարանը միջազգային չափանիշների մեխանիկական տրանսպլանտացիա չի իրականացնում՝ արտասահմանյան երկրների օրենսդրական կարգավորումները նույնությամբ ներմուծելով հայրենական իրավակիրառ պրակտիկա, այլ ապահովում է այդ չափանիշների տեղայնացումը հայրենական իրավունքի ոգուն և էությանը համապատասխան՝ ուշադրություն դարձնելով ավանդական սկզբունքների վրա հիմնված ներպետական իրավունքի ներդաշնակ զարգացման ճարտարապետությանը։

Շարունակելով հավատարիմ մնալ իր սահմանադրական բացառիկ առաքելությանը, եռաստիճան դատական համակարգում լինելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը և ապահովելով նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառություն՝ Վճռաբեկ դատարանը ձևավորել և շարունակելու է արմատավորել ռոմանոգերմանական իրավական համակարգին պատկանող երկրում նախադեպային իրավունքի կիրառման ուրույն մշակույթ։ 

Այս ճանապարհին ունենք մեր առջև դրված գերխնդիր՝ կենդանի շունչ հաղորդել օրենսդրական կարգավորումներին, դրանք գործողության մեջ դնել այնպես, որ ապահովվի համակարգային կիրառման հարմոնիզացիան՝ ամեն օր փոփոխվող ու զարգացող միջազգային առաջադեմ չափանիշներին։ 

Կրելով Հայաստանի Հանրապետությունում կանխատեսելի արդարադատության միջավայր ձևավորելու պատասխանատվությունը՝ Վճռաբեկ դատարանի գործունեությունը միտված է իրավունքի զարգացմանը,  իրավակիրառ պրակտիկայի միասնականացմանն ու իրավունքի խախտումները վերացնելուն։

Այս առումով հարկ եմ համարում ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք, առանցքային նշանակություն ունեցող մի շարք հարցերով արտահայտվել են միջազգայնորեն ընդունված սկզբունքների վրա հիմնված ուղենիշային իրավական դիրքորոշումներ՝ զարգացնելով ներպետական իրավունքը. դրանք ներառում են միջազգային մակարդակով առաջնային նշանակություն ունեցող հարցերով որոշումների կայացում, որոնք առնչվում են հազարավոր մարդկանց իրավունքներին և օրինական շահերին։ 

Ավելին, պակաս կարևոր չէ հիշատակել նաև ներպետական կարևոր նշանակություն ունեցող հարցերով մոտ մեկ տասնյակի հասնող դիմումների ներկայացումը ՀՀ Սահմանադրական դատարան, ինչպես նաև համապատասխան իրավական հարցով դիմումի ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 

Վերը ներկայացված աշխատանքն արտացոլվել է մի քանի տասնյակի հասնող դատական ակտերի կայացման շնորհիվ, որոնց հիմքում ընկած է երկրաչափական պրոգրեսիայի ձևով տարեցտարի աճող վճռաբեկ բողոքների թվաքանակը, որը մինչև վերջերս գործող երկու պալատների պարագայում, տարեկան հասնում էր շուրջ 4 հազարի։ Նշված աշխատանքը պահանջել է հսկայական ռեսուրսների կենտրոնացում, ուժերի գերլարում, որը հնարավոր է դարձել Վճռաբեկ դատարանի դատավորների և աշխատակազմի ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում։

Թերևս երկար կարելի է պատմել վերջին ժամանակահատվածի մեր աշխատանքի մասին, սակայն, վերոգրյալի հետ մեկտեղ, կարևոր է խոսել առաջիկա տարիների ընթացքում Վճռաբեկ դատարանի առջև ծառացած նոր մարտահրավերների վերաբերյալ, որոնք անշուշտ անհրաժեշտ է լինելու գործնականում հաղթահարել։ 

Այսպես, մեր երկրի հիմնական օրենքով տրված բացառիկ առաքելության շրջանակներում, Վճռաբեկ դատարանը շարունակելու է ապահովել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները՝ նոր օրենսդրական զարգացումների պայմաններում։ 

Ընդամենը օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունում քրեաիրավական ոլորտը թևակոխեց զարգացման նոր շրջափուլ, երբ միաժամանակ ուժի մեջ մտան ՀՀ քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերը, որոնց միասնական ու ներդաշնակ կիրառության ապահովումը լինելու է Վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների գործունեության առաջնային մարտահրավերը։ Առավել ընդարձակվելու է Վճռաբեկ դատարանի որոշումների դերակատարումը՝ որպես իրավունքի ծանրակշիռ աղբյուր՝ իրավակիրառ պրակտիկայում առաջացող հակասությունները բացառելու և անորոշությունները հաղթահարելու առումով։

Բացի այդ, կազմակերպական հարցերով ուժի մեջ մտած օրենսդրությամբ, Վճռաբեկ դատարանում քաղաքացիական ու վարչական պալատները բաժանվել են և ստեղծվել է նոր՝ մասնագիտացված վարչական պալատ՝ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելով իրավունքի նշված ճյուղերով նախադեպային որոշումների զարգացման հնարավորությունները։ Այս առումով Վճռաբեկ դատարանում նորաստեղծ վարչական պալատն առաջիկա տարիների ընթացքում պետք է Հայաստանում ձևավորի վարչական արդարադատության հարցերով նախադեպային իրավունքի կիրառման նոր մշակույթ, նոր խոսք ասի իրավունքի այդ բնագավառում՝ ապահովելով արդարադատության արդյունավետության նոր ցուցանիշներ։

Ավելին, նույն ճանապարհն ունի անցնելու նաև Վճռաբեկ դատարանում ստեղծված նոր՝ հակակոռուպցիոն մասնագիտացված թվով չորրորդ պալատը, որի առջև ծառացած մարտահրավերներն առավել ընդգրկուն են լինելու։ Մասնավորապես, դրանք ոչ միայն պայմանավորված են լինելու այն հանգամանքով, որ պալատը լինելու է նորաստեղծ, ունենալու է կառուցվածքային ուրույն մոդել, այլ նաև այն պատճառով, որ ամփոփելու է իր գործունեության մեջ համակարգման նոր ոլորտ՝ օրենսդրական նոր առանձնահատկություններով։ 

Այս առումով, հարկ է նշել, որ առկա է լինելու նաև ևս մեկ հատկանշական համակարգային գերխնդիր, այն է՝ կիրառման ենթակա օրենսդրական կարգավորումների ընդհանրությունների պայմաններում ապահովել այս նորաստեղծ պալատի և գործող մյուս պալատների իրավական դիրքորոշումների ներդաշնակեցումը՝ բարձրագույն դատական ատյանի մակարդակով իրավական որոշակիությունն ապահովելու համար։

Վերոգրյալի հետ մեկտեղ, արձանագրած մարտահրավերների հաղթահարման համար կարևոր է լինելու նաև Վճռաբեկ դատարանի աշխատակազմում լավագույն մասնագիտական կրթություն ստացած իրավաբանների շարունակական ներգրավումը, նոր հնարավորությունների ձևավորումը, դատավորների օգնականների և փորձագետների սոցիալական երաշխիքների առումով առկա կարգավորումների վերանայման ուղղությամբ արդյունավետ քայլերի ձեռնարկումը, աշխատակազմի անդամների պարբերական վերապատրաստումների ապահովումը, որը, առաջադրվող մարտահրավերների պայմաններում, հնարավորություն կընձեռի պահպանել և բարձրացնել նախադեպային որոշումների և կատարվող աշխատանքների որակական մակարդակի սահմանված նշաձողը, արդյունավետության ապահովման ու խնդիրների բարեհաջող լուծումները։

Միաժամանակ, պակաս կարևոր նշանակություն չունի նաև շարունակական համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, և մեր ամենօրյա գործունեության օրակարգը շարունակելու է ներառել իրավական դոկտրինների ու մարդու իրավունքների պաշտպանության նոր հայեցակարգային լուծումների մշակումը՝ ապահովելու համար իրավունքի գերակայության կենտրոնացված պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում։

Հարկ է փաստել, որ 2018 թվականի օգոստոսի 1-ից ի վեր նոր թափ ստացավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի անդամ երկրների բարձրագույն դատական ատյանների միջև համագործակցությունը, երբ ուժի մեջ մտավ Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը՝ նոր հարթակ ձևավորելով միջազգային և ազգային դատարանների համագործակցության համար։ Միջազգային դատարանից խորհրդատվական կարծիք ստանալու այս կառուցակարգը արդյունավետ նոր մակարդակի բարձրացրեց ազգային բարձր դատարանների և միջազգային դատարանի միջև համագործակցությունը՝ հնարավորություն ընձեռելով ազգային դատարաններին իրենց ներդրումն ունենալ Եվրոպական իրավակարգի պահպանության և իրավական արժեքների ձևավորման գործում։ Այս նոր հաղորդակցման խողովակով իրականացվող համագործակցությունը նաև հիմք է հանդիսանում ձևավորելու նոր իրավական մշակույթ, հայեցակարգային հիմքեր հաղորդելու եվրոպական արժեքների զարգացմանը։

Այս առումով պետք է նշեմ, որ 2022 թվականի ապրիլի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության շրջանակներում, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումի հիման վրա տրամադրել է խորհրդատվական կարծիք՝ խոշտանգման գործերով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների կիրառման՝ միջազգային նշանակություն ունեցող խնդրի վերաբերյալ։ Ընդ որում, այդ խորհրդատվական կարծիքն իր նշանակությամբ դարձել է օրակարգային քննարկման առարկա թե՛ միջազգային հասարակական կազմակերպությունների շրջանում, թե՛ միջազգային ակադեմիական աշխարհում։

Պետք ընդունել, որ ինչպես բարձրագույն դատական ատյանի, այնպես էլ ողջ դատական իշխանության գործունեության վերաբերյալ ձևավորվող հանրային ընկալման ցուցիչն ուղիղ համեմատական է դատական իշխանության հեղինակության աստիճանին, հետևաբար ինչպես աշխարհի բոլոր առաջադեմ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության զարգացման ռազմավարության օրակարգային հարցերից է հանրային վստահության ամրապնդումը, որը մշտապես պահանջում է իրավունքահեն միջավայրի ձևավորմանն ուղղված գործուն միջոցների ձեռնարկում ինչպես դատաիրավական բարեփոխումները համակարգող գործադիր և օրենսդիր իշխանության թևերի, այնպես էլ դատական իշխանության ներկայացուցիչների՝ դատավորների կողմից։ 

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ միջազգային չափանիշների համաձայն՝ հանրային վստահության համեմատաբար բարձր մակարդակ ակնկալող դատական իշխանության մոդելը հիմնված է երեք հիմնասյուների վրա՝ 

ա) անկախություն և անկողմնակալություն, 

բ) հաշվետվողականություն ու թափանցիկություն, 

գ) ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրականացում։ 

Միայն դրանց ապահովմամբ կարող է իրողություն դառնալ իրավունքի գերակայության վրա հիմնված լեգիտիմ դատական իշխանության գոյությունը։ 

Անկախությունը դատական իշխանության անօտարելի հատկանիշներից է, ինչը բխում է իրավունքի գերակայության և այն անձանց շահերից, որոնք օգտվում են արդարադատությունից և ակնկալում են ստանալ այնպիսի վերջնական լուծումներ, որոնք ամփոփված կլինեն արդարադատությամբ բովանդակված դատական ակտերում։ 

Դատական իշխանության անկախությունը վերացական հասկացություն չէ, այն արդարադատության արդյունավետ իրականացման նախադրյալն ու երաշխիքն է,  իրավունքի գերակայության նախապայմանը։ 

Վճռաբեկ դատարանի գործունեության հաշվետվողականության ապահովման վստահելի գործիքներից են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ժողովածուները, որոնց հրատարակումը կյանքի է կոչվում նաև մեր միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում, ինչն իր հերթին թափանցիկության, այդ թվում՝ կառուցողական փոխգործակցության համար մշտապես պատրաստ լինելու վկայությունն է։ Ավելին, ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր միջազգային գործընկեր՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում, շուտով կգործարկվի Վճռաբեկ դատարանի կայքէջը, որը կդառնա բացառիկ գործիք՝ նոր շունչ հաղորդելու Վճռաբեկ դատարան-հասարակություն փոխգործակցությանը՝ հանրային իրազեկման ճանապարհով ակնառու դարձնելով թափանցիկ և հաշվետու աշխատելու՝ մեր որդեգրած քաղաքականությունը։

Դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ապահովման կարևորագույն հենասյուներից է նաև ողջամիտ ժամկետում գործերի քննության ապահովումը, որն այն աստիճանի է փոխկապակցված դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության բաղադրիչի հետ, որ դժվար է պատկերացնել այդ ցացանիշի աճ՝ ողջամիտ ժամկետի պահանջի խախտման պայմաններում։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը երբևէ չի կարող տեղի ունենալ պակաս հաշվետվողականության և թափանցիկության ապահովման հաշվին, գործի ըստ էության քննության արդյունքում կայացված դատական ակտը կառուցելով ձևաթղթային պատճառաբանությունների վրա։ Մյուս կողմից էլ, կարևոր է գործի քննության տևողությամբ «չսպառել» իրավական պաշտպանություն հայցողի իրավական հետաքրքրությունը գործի ելքի նկատմամբ։ Ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովման անհրաժեշտությանն ու գնահատման չափանիշներին, իր նախադեպային որոշմամբ անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատը առաջին անգամ արձանագրելով տուժողի՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը։ 

Վերը թվարկված երեք հիմնասյուների շուրջ է պտտվում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության շրջագիծը։ Պետք է արձանագրել, որ նշված երեք հիմնասյուները կազմում են հանրային վստահության ապահովման առանցքն ու շարժիչ ուժը։ Այս առումով հատուկ խնդիր ունի Վճռաբեկ դատարանը՝ որպես բարձր դատարան։ 

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի կազմավորման 24-րդ ամյակի կապակցությամբ, լիահույս եմ, որ վերը մատնանշված մարտահրավերների հաղթահարմամբ մենք ավելի կմոտենանք մեր տեսլականին՝ կանխատեսելի արդարադատության հայեցակարգի զարգացմամբ կերտելով իրավունքահեն միջավայր մեր երկրում՝ ապահովելով առաջընթաց դատական բարձր ատյանի ամենօրյա գործունեության մեջ։

 

 

Հարգանքով՝

 

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ,

ՀՀ վաստակավոր իրավաբան,

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

08.07.2022 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՇՏՈՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ տիկին Շիոֆրա Օ՛Լիրի,

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Միաժամանակ, կարևորելով ՀՀ Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկարամյա համագործակցությունն ինչպես Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Բարձր դատարանների ցանցի շրջանակներում, վերահաստատում եմ Վճռաբեկ դատարանի պատրաստակամությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ փոխգործակցության հնարավորությունների շարունակական ամրապնդման և զարգացման առումով։

Որպես օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող և իրավունքի զարգացմանը նպաստող բարձրագույն դատական ատյան՝ Վճռաբեկ դատարանը մշտապես ապահովում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հարմոնիզացիան հայրենական իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում։ Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները բացառելու սահմանադրական գործառույթի շրջանակներում Վճռաբեկ դատարանը նպաստում է սուբսիդիար բնույթ ունեցող միջազգային դատարանի կողմից ապագայում արձանագրվող հնարավոր խախտումների դեպքերի նվազեցմանը։ Այս մոտեցումն ազգային բարձրագույն դատական ատյանի և միջազգային դատարանի համագործակցության զարգացման գրավականներից է։

Մաղթում եմ արգասաբեր գործունեություն՝ եվրոպական իրավակարգի կայունության ու իրավունքի գերակայության ապահովման գործում:

Հարգանքով՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

08.07.2022 ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 24 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ տիկին Թադևոսյան,
Վճռաբեկ դատարանի հարգելի՛ դատավորներ,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ, Վճռաբեկ դատարանի աշխատակազմին և իրավաբանական հանրույթին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հիմնադրման 24-ամյակի առթիվ:
Վճռաբեկ դատարանի՝ որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությունը բացառիկ է՝ նախադեպային իրավունքի ձևավորմամբ ապահովել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը՝ իրավունքի էությանը համապատասխան:
Անշուշտ, անգնահատելի է Վճռաբեկ դատարանի դերը դատական ակտերի օրինականության, իրավունքի գերակայության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման, դատական իշխանությունն առաջնորդելու, ամբողջ դատավորական համայնքին լավագույն օրինակ ծառայելու, ինչպես նաև դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ապահովման հարցում:

08.07.2022 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՌԵԿՏՈՐ ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 24 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի´ տիկին Թադևոսյան,

Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, դատավորներին և դատական ողջ համակարգին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հիմնադրման 24-ամյակի կապակցությամբ:

Անհերքելի է, որ իր գործունեության ողջ ընթացքում Վճռաբեկ դատարանը, որպես Հայաստանի Հանրապետության դատական եռաստիճան համակարգի բարձրագույն ատյան, մեծ աշխատանք է կատարել՝ դատական համակարգում նոր մոտեցումներ ձևավորելու, նոր սկզբունքներ ամրագրելու և հատկապես դատական պրակտիկայի միասնականության ապահովման ուղղությամբ: Ավելին՝ չնայած Վճռաբեկ դատարանի աշխատանքային գերբեռնվածությանը, դուք, հարգելի´ գործընկերներ, որպես վճռաբեկության ինստիտուտի կայացման երաշխավորներ, այս տարիներին պատվով եք իրականացրել և իրականացնում մեծածավալ աշխատանք, հաղթահարում ձեր առջև ծառացած մարտահրավերները:

 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել Արդարադատության ակադեմիայի և ՀՀ Վճռաբեկ դատարանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը: Լիահույս եմ՝ ձևավորված գործընկերային հարաբերությունները հետագայում ևս նոր թափով կզարգանան՝ հօգուտ ավելի արդարադատ պետություն ունենալու մեր միասնական նպատակի:

Հարգելի´ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի հիմնադրման կապակցությամբ և մաղթում առողջություն, հաջողություն, անսպառ ուժ և եռանդ՝ մեր ժողովրդին և պետությանը ծառայելու պատվաբեր գործում:

 

 

Հայաստանի Հանրապետության

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր

Սերգեյ Առաքելյան
 

08.07.2022 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ն․ ՆԱՐԻՄԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 24 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ Լիլիթ Զելիմի,
Արցախի Հանրապետության դատական համակարգի և անձամբ իմ անունից ջերմորեն  շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հիմնադրման 24 ամյակը։

Հանդիսանալով օրենքի միատեսակ կիրառման երաշխավորն ու դատական նախադեպի ձևավորողը՝ իր գործունեության ընթացքում Վճռաբեկ դատարանը մշտապես եղել է ու մնում է մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանն ու երաշխավորը։

Կրկին շնորհավորելով Վճռաբեկ դատարանի կազմավորման առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, տոկուն աշխատանքային գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։


Ն․ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

Արցախի Հանրապետության

Գերագույն դատարանի նախագահ

05.07.2022 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Յուրաքանչյուր տարի այս օրը առիթ է ընդգծելու Սահմանադրության հիմքում ընկած ինստիտուցիոնալ սկզբունքների կարևորությունը, որոնք մեր պետության հարատևման կայուն երաշխիքներն են։

Մայր օրենքի ճարտապարապետության գաղափարախոսությանը համահունչ սահմանադրաիրավական մշակույթ ձևավորելուն միտված ջանքերը մեզ հնարավորություն են ընձեռում վերաարժևորել Սահմանադրության՝ որպես մեր պետականության հիմնադիր փաստաթղթի արժեքայնությունն ու խորհելու դրանում արտացոլված նպատակների իրագործման ուղիների արդյունավետության մասին։

Վերջին 27 տարիների ընթացքում հայրենական սահմանադրաիրավական մշակույթի զարգացումն անցել է բարդ և բազմաբնույթ ճանապարհ, որի ընթացքում ձևավորված փորձն ու ներուժը հաջորդ տասնամյակների ընթացքում պետք է նպատակաուղղվեն հանուն հիմնարար արժեքների վրա խարսխված պետականության ամրապնդման և սահմանադրաիրավական ինստիտուտների զարգացման։

Հարգանքով՝

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Թադևոսյան

08.03.2022 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ կանայք և աղջիկներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները՝ մայրության և գեղեցկության  տոնի առթիվ։ 

Համոզված եմ, որ Ձեզ վստահված դժվարին և պատասխանատու աշխատանքը կատարում եք պարտքի խոր գիտակցումով։

Իրավաբանի մասնագիտությունը նույնպես կնոջ զգոնության, հեռատեսության և խոհեմության կարիքն ունի, և պատահական չէ, 

որ Ֆեմիդան է արդարադատության խորհրդանիշը՝ փակ աչքերով մարմնավորելով անաչառությունը, կշեռքով՝ արդարությունն ու 

հավասարությունը, սիրով՝ օրենքի ուժը։

Անաչառությունը, արդարությունն ու օրենքի ուժը թող դառնան այն հզոր շարժիչները, որոնք կառաջնորդեն Ձեզ ամենօրյա աշխատանքում։

          Մաղթում եմ քաջառողջություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր Հայրենիքի։

 

Հարգանքով՝

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Թադևոսյան

31.12.2021 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի Հանրապետության դատավորներին,

դատական ծառայողներին,

դատական համակարգի աշխատակիցներին

Հարգելի՛ գործընկերներ,

Ընդունեք իմ շնորհավորանքները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Թող 2022 թվականը լինի խաղաղության, համերաշխության և բարեկեցության տարի:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություններ և աշխատանքային նորանոր ձեռքբերումներ:

Հայաստանի Հանրապետության

Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Թադևոսյան

21.09.2021 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Շնորհավորում  եմ  համազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ և մաղթում մեր երկրին հարատև խաղաղություն և միասնականություն, ժողովրդին՝ բարեկեցություն, բարօրություն ու նորանոր ձեռքբերումներ։

Հավերժ փառք մեր երկրի և Արցախ աշխարհի անկախության ու ինքնորոշման համար մարտնչած հայորդիներին, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության համար իրենց կյանքը զոհաբերած քաջարի զինծառայողներին, ազատամարտիկներին ու կամավորականներին։

Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում մեր պետության որդեգրած օրակարգի հետևողական իրականացման բարեմաղթանքներով,

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Թադևոսյան

13.09.2021 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ


Հարգելի´ գործընկերներ,
Օրենքների մեկնաբանությունները մշտապես դիտարկվել են որպես դրանց բովանդակության գործնական ու գիտական էության խորը ուսումնասիրության արդյունք, իսկ երբ ուսումնասիրության հեղինակները գործող դատավորներ են, ապա հետազոտության դերն ու նշանակությունն արդարադատություն իրականացնող մարմինների համար դառնում են էլ ավելի օգտակար և համոզիչ։
Լույս տեսած հետազոտության շրջանակներում կատարված մեծածավալ աշխատանքի շնորհիվ հաջողվել է վեր հանել քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործնական կիրառման առկա խնդիրները, առաջարկել ուշադրության արժանի լուծումներ և օրենսդրության հետագա զարգացման համար օգտակար առաջարկություններ։ Կատարված հետազոտությունն անվիճելիորեն օգտակար կլինի ոչ միայն դատավորների, այլ նաև մյուս իրավակիրառողների ու ոլորտն ուսումնասիրող գիտնականների համար և կնպաստի հասարակության անդամների իրավական իրազեկվածության աստիճանի բարձրացմանը։
Ձեր բազմազբաղ և պատասխանատու առօրեական գործունեությանը զուգահեռ կատարված նմանօրինակ մեծածավալ աշխատանքը, անշուշտ, արժանի է գնահատանքի։ 
Շնորհավորում եմ համահեղինակած աշխատության լույսընծայման կապակցությամբ և մաղթում մասնագիտական ու ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։
 

08.07.2021 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 23-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ գործընկերներ,

 Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հիմնադրման 23-ամյակը, որը կարևոր առիթ է վերագնահատելու ավելի քան երկու տասնամյակների ընթացքում իրականացված մեծածավալ գործունեության արդյունքները` ի նպաստ իրավունքի գերակայության և զարգացման ապահովման, օրենքների կիրարկման միատեսակ սկզբունքների վրա խարսխված իրավունքահեն միջավայրի ստեղծման։

Նշված տեսլականի իրագործմանն ուղղված երկարամյա գործունեության ընթացքում, որը նաև պարբերաբար զուգորդվել է Վճռաբեկ դատարանի իրավական կարգավիճակի փոփոխությամբ` այն դարձնելով օրենքի միատեսակ կիրառումն ապահովող «կենդանի դարբնոց», Վճռաբեկ դատարանն իր ուրույն դերակատարումն է ունեցել նախադեպային բնույթի որոշումների մշակմամբ, որոնք արմատապես փոխել են արդարադատության իրականացման վերաբերյալ հայրենական պատկերացումները` այն դարձնելով առավել կանխատեսելի։ Նշվածն աներկբայորեն իր ազդեցությունն է ունեցել նաև հասարակության իրավական դաստիարակության, իրավաընկալման զարգացման, արդարադատության և դատական իշխանության նկատմամբ հասարակության անդամների վերաբերմունքի վերանայման ու վստահության ամրապնդման գործում։

 Հարկ է ընդգծել, որ իրավունքի զարգացման գործառույթի շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես կարևորել է միջազգային լավագույն փորձի և առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործման ապահովումն ազգային իրավական համակարգի ներկապնակում։

 Վճռաբեկ դատարանի երկարամյա գործունեության անբաժանելի ուղեկիցը մշտապես եղել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, որոնց հաշվառմամբ բազմաթիվ խնդրահարույց հարցերով Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն իրավակիրառ պրակտիկայի շնորհիվ միջազգային չափանիշներին համապատասխան ապահովվել է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրապես արդյունավետ պաշտպանությունը։

Հատկանշական է, որ պայմանավորված իրավունքի զարգացման նոր միտումներով` վերջին տարիների ընթացքում Վճռաբեկ դատարանի որոշումներում առավել հաճախ կարելի է հանդիպել մեջբերումներ միջազգային փափուկ իրավունքից (soft law), միջազգային հեղինակավոր կառույցների բանաձևերից և հանձնարարականներից, արտասահմանյան երկրների առաջադեմ փորձից, ինչն առավել բարձրացնում է նախադեպային որոշումների արժեբանական նշանակությունը` այդ կերպ նաև ազգային իրավական համակարգում սահմանելով մարդու իրավունքների երաշխավորման որակապես բարձր նշաձող։

Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանը մշտապես նպաստել է միջազգային և ազգային մարմինների միջև փոխադարձ համագործակցության և արդյունավետ երկխոսության զարգացմանը։ Որպես իրավակիրառ պրակտիկայի միասնականությունն ապահովող բարձրագույն դատական ատյան` իրավունքի գերակայության ապահովման հարցերում Վճռաբեկ դատարանն անընդմեջ սերտ և համընդգրկուն փոխգործակցություն է ծավալել ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ազգային պետական մարմինների հետ։ Դրա վառ ապացույցն է Վճռաբեկ դատարանի կողմից ինչպես միջազգային նշանակություն ունեցող հարցերով Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից խորհրդատվական կարծիքի հայցման կառուցակարգի գործադրումը, այնպես էլ ներպետական կարևոր նշանակություն ունեցող հարցերով մոտ մեկ տասնյակի հասնող դիմումների ներկայացումը ՀՀ Սահմանադրական դատարան։ Վճռաբեկ դատարանը կարևորում է համագործակցությունը պետական մարմինների ու միջազգային կառույցների հետ՝ փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության մթնոլորտում։

Վերահաստատելով իրավունքի գերակայության և զարգացման ապահովման, օրենքների կիրարկման միատեսակ սկզբունքների վրա հիմնված միջավայրի կերտման շարունակական ջանքերի գործադրման պատրաստակամությունը` Վճռաբեկ դատարանն իր սահմանադրաիրավական կարգավիճակին և առաքելությանը համապատասխան` հետագա գործունեության ընթացքում հավատարիմ է մնալու իր որդեգրած սկզբունքներին և իր դերակատարումն է ունենալու կանխատեսելի արդարադատության զարգացման, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովման գործում։

08.03.2021 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Գարնանային այս տոնի խորհուրդն առանձնահատուկ է բոլորիս համար, այն առիթ է մեծարելու հայ կնոջն ու արժևորելու նրա տիտանական ներդրումն ու բացառիկ դերը մեր հասարակության և պետության կայացման գործում: 

Բոլոր ժամանակներում կանայք կատարել են ազգապահպան առաքելություն, ծնել և դաստիարակել Հայրենիքի իսկական պաշտպանների, որոնք անհրաժեշտության դեպքում իրենց կյանքը չեն խնայել հանուն մեր երկրի անվտանգության ապահովման ու ազգային արժեքների պահպանման: 

Տարեցտարի նկատելի է պետական համակարգում՝ այդ թվում դատական իշխանությունում, ինչպես նաև հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց ներգրավվածության ավելացումը՝ բարձր պրոֆեսիոնալիզմի հաջողված բազմաթիվ դրսևորումներով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական ու գործնական հաջողություններ և ամենայն բարիք՝ բոլոր նախաձեռնություններում:

Թող մշտապես խաղաղություն ու բարօրություն տիրի մեր Հայրենիքում ու մեր ընտանիքներում:

 

Հարգանքով,

Հայաստանի Հանրապետության

Վճռաբեկ դատարանի նախագահ

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԵԼՈՒՅԹՆԵՐ

16.02.2023 ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023-2026ԹԹ. ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

 

Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ. ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման,  ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործում, ՀՀ Վճռաբեկ դատարանը մշտապես սերտ և համընդգրկուն փոխգործակցություն է ծավալել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ։ Պետք է փաստել, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի, որպես իրավակիրառ պրակտիկայի միասնականությունն ապահովող բարձրագույն դատական ատյանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի միջև ձևավորված կառուցողական փոխգործակցությունն արդեն տարիների պատմություն ունի։

Այս առումով հատկանշական եմ համարում Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների նոր՝ 2023-2026թթ․ ծրագրի իրականացումը, ինչը միանշանակորեն կնպաստի մեր երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացմանը։

Մինչ նոր ծրագրի բովանդակային մասի քննարկումը, կցանկանայի անդրադարձ կատարել նախորդ՝ 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրին։ Այդ ժամանակահատվածում ընդունվեցին ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը՝ ձևավորելով միջազգային առաջադեմ չափանիշներին և մոտեցումներին համապատասխան քրեադատավարական և քրեական նոր օրենսդրություն։

Տարիներ շարունակ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավական դիրքորոշումների շրջանակներում, բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությանը համահունչ, ապահովում էր գործող օրենսդրության միատեսակ կիրառությունը՝ ձևավորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին և միջազգային առաջադեմ չափանիշներին համապատասխան իրավակիրառ պրակտիկա։ Նոր իրավական ակտերի ընդունմամբ նշված չափանիշների մեծամասնությունը ստացավ օրենսդրական ամրագրում, ինչի արդյունքում առավել որոշակի դարձան ներպետական օրենսդրական կարգավորումները՝ դրան զուգահեռ բարձրացնելով մարդու իրավունքների պաշտպանության նշաձողը։

Պետք է նշեմ նախորդ ծրագրի շրջանակներում նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կազմակերպված կլոր-սեղան քննարկումների կարևորությունը, որոնք իրենց արդյունավետ ազդեցությունն ունեցան նոր օրենսգրքերի ընդունմամբ անցումային սկզբնական փուլը հնարավորինս դյուրին հաղթահարելու գործում։

Դատարանների գործունեության արդյունավետության և արդարադատության որակի բարձրացման հիմքում ընկած է դատական համակարգի և մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի, որպես նախադեպային իրավունքի մշակմամբ կանխատեսելի արդարադատություն կերտող դատական ատյանի գործունեության հրապարակայնության և հաշվետվողականության ապահովումը։ Եվրոպայի խորհրդի հետ շարունակական համագործակցության շրջանակներում, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի անմիջական մասնակցությամբ, 2022 թվականին գործարկվեց ՀՀ Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջը, որը վստահ եմ, իր ուրույն ներդրումը կունենա ինչպես արդարադատության որակի, այնպես էլ բարձրագույն դատական ատյանի գործունեության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման գործում՝ նկատի ունենալով, որ հրապարակային գործունեության շրջանակներում թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների իրագործման շնորհիվ է նաև երաշխավորվում վստահելի և կանխատեսելի արդարադատությունը, ամրապնդվում հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ։

Ողջունելի է, որ Եվրոպայի խորհրդի նոր՝ 2023-2026թթ. գործողությունների ծրագիրը լինելու է նախորդ՝ 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրի հետևողական և արդյունավետ շարունակությունը՝ հիմնվելով դրա ձեռքբերումների վրա՝ ուղղված, ի թիվս այլնի, նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության խորացմանն ու ամրապնդմանը։

Անձնապես կարևորում եմ այն հանգամանքը, որ նոր ծրագիրն իրականացվելու է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարեփոխումների ազգային օրակարգը, այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունները։ Հատկանշական է, որ մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Եվրոպական չափանիշների իմպլեմենտացումն կիրականացվի արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների և ձևավորված մոտեցումների հաշվառմամբ։

Մյուս կողմից, կարևորում եմ նաև այն, որ նոր ծրագրի առաջնահերթություններով հաշվի են առնվելու Եվրոպայի խորհրդի մի շարք կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, որոնք կանխատեսելի արդարադատության միջավայրի ձևավորման սահմանադրական գործառույթի շրջանակներում տարիներ շարունակ հանդիսացել են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների անբաժանելի մասը։

Նշվածն անխոս կնպաստի ներպետական օրենսդրության առավել մոտեցմանը Եվրոպական չափանիշներին, ազգային կառուցների կարողությունների զարգացմանը՝ մարդու իրավունքների խթանման, իրավունքի գերակայության ամրապնդման և կառավարման ժողովրդավարական սկզբունքներն ապահովելու նպատակով։

Անվերապահորեն պետք է արձանագրել, որ Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված կառուցողական և համընդգրկուն համագործակցությունը ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ ավելի քան երկու տասնամյակների գործունեության ընթացքում, միջազգային կառույցների հետ ծավալած օրինակելի փոխգործակցության դրսևորումներից է՝ իրավունքի գերակայության ամրապնդման և արդարադատության որակի բարձրացման շրջանակներում։ Ուստի վերահաստատում եմ Վճռաբեկ դատարանի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համագործակցությունը զարգացնելու, խորացնելու և փոխգործակցության նոր ուղղություններ բացահայտելու գործում։

Ամփոփելով ելույթս, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին՝ Հայաստանի Հանրապետությունում և մասնավորապես ՀՀ Վճռաբեկ դատարանի հետ արդյունավետ ու կառուցողական համագործակցության շրջանակներում իրականացված նախորդ ծրագրի համար և հաջողություն մաղթում նոր՝ 2023-2026թթ. ծրագրի իրագործման ընթացքում։

ՀՀ  Վճռաբեկ դատարանի նախագահ,

ՀՀ վաստակավոր իրավաբան

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ IV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում ստացվել է Հայաստանի Հանրապետության 93 դատավորների միջնորդությունը՝ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու վերաբերյալ։

Ներկայացված միջնորդությամբ առաջարկվել է արտահերթ ժողովի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը՝

1) դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը,

2) դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Նախաձեռնողն առաջարկում է օրակարգում ընդգրկվող հարցը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ընդհանուր ժողովը.

«1) քննարկում և Բարձրագույն դատական խորհուրդ և այլ իրավասու պետական մարմիններ է ներկայացնում դատարանների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ.

2) ձևավորում է Էթիկայի և կարգապահական, Ուսումնական հարցերի, ինչպես նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովներ և իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար՝ աշխատանքային խմբեր.

3) հաստատում է իր, հանձնաժողովների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև աշխատանքային խմբերի գործունեության կարգը.

4) ընտրում և առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավոր անդամների թեկնածությունները.

5) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին.

6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը և տրամադրման կարգը.

7) սահմանում է դատավորի էթիկայի կանոնները.

քննարկում է դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Դատական դեպարտամենտի հաղորդումը.

9) իրականացնում է այլ գործառույթներ»:

Հարկ է միաժամանակ նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության կանոնադրության 9-րդ կետի համաձայն՝

«Միության նպատակներն են՝

1) օժանդակել դատավորների իրավունքների, ազատությունների, պատվի և արժանապատվության պաշտպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգության ապահովմանը.

2) աջակցել դատական իշխանության և դատավորների անկախության և հեղինակության բարձրացմանը, անկախ դատական իշխանության զարգացմանը.

3) նպաստել դատական իշխանության առաքելության հանրային ընկալման մակարդակի բարձրացմանը, դատական իշխանության և դատավորների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը, իրավունքի գերակայության երաշխավորմանը.

(...)»։

Վերոգրյալի համատեքստում պետք է արձանագրել, որ միջնորդությամբ բարձրացված հարցերն ուղղակիորեն բխում են «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված նպատակներից, սակայն հաշվի առնելով Ձեր միջնորդությունը՝ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու և օրակարգում նշված հարցերն ընդգրկելու վերաբերյալ, դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 20-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը՝ ժողովի նիստի օրակարգի, անցկացման եղանակի, ժամանակի և վայրի մասին ժողովի անդամներին նիստի օրվանից առնվազն 5 օր առաջ ծանուցելու մասին, ինչպես նաև նույն կարգի 17-րդ հոդվածի պահանջը՝ նախաձեռնողի կողմից առաջարկվող հարցը (հարցերը) օրակարգում ընդգրկելու համար ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին հասցեագրված առաջարկությունից (միջնորդությունից) բացի, նաև զեկուցողի անունն ու ազգանունը, ժողովում ներկայացվող հարցի վերաբերյալ որոշման նախագիծն ու առկայության դեպքում այլ փաստաթղթեր ներկայացնելու մասին, անհրաժեշտ է սեղմ ժամկետում տրամադրել վերը նշված փաստաթղթերն ու տեղեկատվությունը։

Հայաստանի Հանրապետության

Վճռաբեկ դատարանի նախագահ

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: