04.10.2022

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵԽ ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏՈՂ ԷԴՈՒԱՐԴՈ ՏՐԻԼԼՈՅԻ ՀԵՏ

 2022 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի անկախ գնահատող Էդուարդո Տրիլլոյին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը և քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնակատար Մամիկոն Դրմեյանը։
Վճռաբեկ դատարանի նախագահն իր խոսքում բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ և համընդգրկուն համագործակցությունն ու ընդգծել, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի շրջանակներում, գրասենյակի աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ, արդյունավետորեն իրականացվել են մի շարք միջոցառումներ, կլոր սեղան-քննարկումներ։  
Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր գործունեության ընթացքում մշտապես կարևորել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների կատարումը։ Հատկապես վերջին տարիների ընթացքում արվել է առավելագույնը՝ ապահովելու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ նույնիսկ այնպիսի հարցերով, որոնք ոչ միանշանակ լուծումներ ունեն Եվրոպայի խորհրդի անդամ երկրների իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում։ Դրա վառ ապացույցը Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով դեռևս 2012 թվականին կայացված վճռի կատարման շրջանակներում 2021 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից խորհրդատվական կարծիքի ստացման դիմումի ներկայացումն էր՝ խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերով վաղեմության ժամկետների չկիրառման հարցով, որի հիման վրա սույն թվականի ապրիլի 26-ին Եվրոպական դատարանը ներկայացրել է իր խորհրդատվական կարծիքը։
Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները կազմում են ողջ քրեական դատավարության առանցքը։ Որպես օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող և իրավունքի զարգացմանը նպաստող բարձրագույն դատական ատյան՝ Վճռաբեկ դատարանն է ապահովում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով արտահայտած իրավական դիրքորոշումների հարմոնիզացիան հայրենական իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում։ Ընդ որում, այդ գործընթացը չի ապահովվում միայն այն գործերով, որոնցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի կայացրել է վճռիներ, այլ նաև այն գործերով, որոնք ունեն նույնաբնույթ փաստական հանգամանքներ կամ իրավական խնդիր։ Այս առումով, Վճռաբեկ դատարանն ունի նաև կանխարգելիչ գործառույթ, ինչը նաև բխում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները բացառելու վերջինիս սահմանադրական կարգավիճակից, և նպաստում է սուբսիդիար բնույթ ունեցող միջազգային դատարանի կողմից հնարավոր արձանագրվող խախտումների դեպքերի նվազեցմանը։ 
Վճռաբեկ դատարանի նախագահը փաստել է, որ որդեգրված մոտեցումը հանդիսանում է ազգային բարձրագույն դատական ատյանի և միջազգային դատարանի համագործակցության զարգացման գրավականը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցության շրջանակներում առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր և ներկայացվել առաջարկություններ։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: