07.07.2021

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 16 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ

2021 թվականի հունիսի 25-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի շրջանակում անցկացված առցանց քննարկմանը՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության կիրարկման ազգային օրենսդրության կատարելագործմանը։

 

Հանդես գալով բացման խոսքով, Վճռաբեկ դատարանի նախագահը ողջունել է կազմակերպված քննարկման նախաձեռնությունն ու ընդգծել, որ Եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրությամբ ազգային դատարաններին ընձեռվող հնարավորությունը՝ ստանալու խորհրդատվական կարծիքներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ազգային բարձրագույն դատական ատյանների միջև երկխոսությունը դարձնում է առավել կառուցողական՝ այն տեղափոխելով ինստիտուցիոնալ հենքի վրա և նպաստում է ազգային մակարդակում Եվրոպական կոնվենցիայի առավել ամբողջական կիրառմանը։ Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի վճռի կատարման շրջանակներում Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հունվարի 27-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար, ինչը դատարանի՝ 2021 թվականի մայիսի 10-ի որոշմամբ ընդունվել է քննության։

 

Առցանց քննարկմանը մասնակցել են նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Հ․Ասատրյանը և Վճռաբեկ դատարանի փորձագետ Ա․Վարդանյանը։ Վերջինս մասնակիցներին ներկայացրել է Եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ՀՀ Վճռաբեկ դատարանի փորձը, դիմումի ընթացակարգային և բովանդակային պահանջներն ու չափորոշիչները, որոնք պահպանվել և ուշադրության էին արժանացվել Վճռաբեկ դատարանի կողմից դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելիս։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: