25.10.2021

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ` ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐԺԵՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

  Վճռաբեկ դատարանն Արմեն Հովհաննիսյանի գործով թիվ ԵԴ/0558/01/18 որոշմամբ ոչ իրավաչափ համարելով նրան մեղսագրվող արարքը խոշտանգումից որպես պաշտոնեական լիազորությունների անցում վերաորակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները, հղում կատարելով միջազգային մի շարք չափանիշների, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին և ՄԱԿ-ի խոշտանգումների վերաբերյալ Հատուկ զեկուցողի թեմատիկ զեկույցին, գործի փաստական հանգամանքների համատեքստում նշել է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովելու իր վերահսկողության ներքո, փակ տարածքում, առողջական վիճակով պայմանավորված արդեն իսկ խոցելի իրավիճակում գտնվող տուժողի պաշտպանությունը: Գործի փաստական հանգամանքների շրջանակներում կարևորվել է, որ պետության ներկայացուցիչները` ի դեմս քրեակատարողական հիմնարկի ծառայողների, պետք է անհրաժեշտ շրջահայացություն ցուցաբերեն քրեակատարողական հիմնարկ ընդունվող անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի առումով։

 Միաժամանակ, Էրիկ Եղինյանի գործով թիվ ԼԴ1/0030/01/16 որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի համատեքստում անդրադառնալով մասնավոր անձանց համարժեք գործողություններին և բացահայտելով ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նշված՝ «ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի» այլընտրանքային հետևանքները` նախադեպային դիրքորոշում է ձևավորելով առ այն, որ դրանց առաջացումը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ՝

- ցավի առկայությունը չի պահանջում, որ պարտադիր այն լինի ծայրահեղ, երկար, մշտական, սուբյեկտի համար դժվար դիմանալու, չպետք է ներառի մահ, օրգանի անբավարարություն կամ որոշակի ֆունկցիայի լուրջ խանգարում, ուժեղ ցավը կարող է նաև կարճատև լինել,

- ուժգնությունը կարող է առաջանալ անհատական մեթոդից կամ մեթոդների կուտակումից կամ համադրությունից (ինչպես սովորաբար ցավ է պատճառվում), որը տեղի է ունենում մի առիթով կամ որոշակի ժամանակահատվածում,

- հոգեկան տառապանքը կարող է ուժեղ լինել՝ առանց զուգակցվելու ֆիզիկական ցավի հետ։

 Վճռաբեկ դատարանի հիշյալ ուղենիշային որոշումները կարող են կանխարգելիչ նշանակություն ունենալ ապագայում հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի, ինչպես նաև մասնավոր անձանց համարժեք գործողությունները բացառելու համար։

 

Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով`

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=13229323905402505&fbclid=IwAR1EvEOtrGCWu38bubFZsht4J-uCzQvp-kC4mQOKRddXr2Ham3EaeeliIBY

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=13229323905402501&fbclid=IwAR0zINdhzT9UiXmTY0_OVbvfBumvpUtUWnYn8i5Q20bBZLu5LWdyUCgurPg

 

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: