ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՅՑ, ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆՀԱՏ ԱՆԴԱՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ (EUROPEAN LAW INSTITUTE) ԿԱԶՄՈՒՄ
Եվրոպական իրավունքի ինստիտուտի նախագահի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը՝ որպես ինստիտուցիոնալ անդամ, իսկ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը՝ որպես պատվավոր անհատ անդամ, պաշտոնապես ընդգրկվել են Եվրոպական իրավունքի ինստիտուտի (Ավստրիա, Վիեննա) կազմում:
Եվրոպական իրավունքի ինստիտուտը` անկախ, ժողովրդավարական, անդամակցության վրա հիմնված և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2011 թվականի հունիսի 1-ին։
Ինստիտուտի առաքելությունն է նախաձեռնել և իրականացնել հետազոտություններ, անել առաջարկություններ և գործնական ուղեցույցներ տրամադրել եվրոպական իրավական համակարգի զարգացման վերաբերյալ։ Ինստիտուտը կազմակերպում է իր աշխատանքներն երկարաժամկետ նախագծերի շուրջ կամ արձագանքում է օրենսդրական զարգացումներին, որոնք ընդգրկում են իրավունքի բոլոր ճյուղերը՝ նյութական և դատավարական, հանրային և մասնավոր։ Ինստիտուտը նպատակ ունի կամուրջ հանդիսանալ տարբեր իրավական մշակույթների, ինչպես նաև գիտության և պրակտիկայի միջև։
Եվրոպական իրավունքի ինստիտուտն ունի ավելի քան 1700 անհատ և 160 ինստիտուցիոնալ անդամներ։ Նշանավոր ինստիտուցիոնալ անդամների կազմում եմ Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական Միության Արդարադատության դատարանը (CJEU), ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովը (UNCITRAL), Եվրոպայի մի շարք գերագույն (վճռաբեկ, սահմանադրական) դատարաններ (Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը, Իտալիայի Վճռաբեկ դատարանը, Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը, Ավստրիայի Գերագույն դատարանը, Նիդերլանդների Գերագույն դատարանը, Բելգիայի Սահմանադրական դատարանը, Շվեյցարիայի դաշնային Գերագույն դատարանը, Սինգապուրի Գերագույն դատարանը և այլն)։ Ինստիուտի կազմում ընդգրկված են իրավաբանական ընկերություններ, ուսումնական հաստատություններ և մասնագիտական ասոցիացիաներ, այդ թվում՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական ընկերությունների խորհուրդը (CCBE), Միջազգային փաստաբանական ասոցիացիան (IBA), Եվրոպական Միության նոտարական խորհուրդը (CNUE), Դատական խորհուրդների եվրոպական ցանցը (ENCJ), Եվրոպական Միության Գերագույն դատարանների նախագահների ցանցը և Եվրոպական սպառողների կազմակերպությունը (BEUC):
Եվրոպական իրավունքի ինստիտուտի անդամները խորապես հարգված անհատներ են, որոնց կազմում եմ դատական համակարգի, ակադեմիական ոլորտի, փաստաբանական համայնքի և իրավաբանական հանրության ականավոր ներկայացուցիչներ։ Այս բազմազանությունը արտացոլում է իրավական ավանդույթների, գիտության և մասնագիտական ինստիտուտների հարուստ խճանկար, որոնք առկա են ամբողջ Եվրոպայում և դրանից դուրս: Ինստիտուտի անհատ անդամների կազմում են ինչպես վերազգային, այնպես էլ ազգային դատարանների նախագահները, այդ թվում՝ Եվրոպական Միության Արդարադատության դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահները:
Հիմնադրումից ի վեր Ինստիտուտը սերտ համագործակցություն է հաստատել Ամերիկյան իրավունքի ինստիտուտի (ALI), Միացյալ Նահանգների Միասնական իրավունքի հանձնաժողովի (ULC) և Կանադայի Միասնական իրավունքի կոնֆերանսի (ULCC) հետ։ Բացի այդ, այն սերտ աշխատանքային հարաբերություններ է պահպանում Եվրոպական օրենսդիր մարմինների, ազգային արդարադատության նախարարությունների, առանցքային ոչ կառավարական կազմակերպությունների և այլ ոլորտային շահագրգիռ կողմերի հետ։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: