16.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

  Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը Վճռաբեկ դատարանում ընդունել է Հայ-ռուսական համալսարանի Իրավագիտության ինստիտուտի ուսանողներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ-ռուսական համալսարանի Իրավագիտության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը և նույն համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ Նաիրա Զոհրաբյանը։

Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությունն ու նրա դերն օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործում։ Նա իր խոսքում անդրադարձել է նաև պետության և հասարակության մեջ դատարանների դերին և կարևորությանը, դատավորի առաքելությանն ու իրավական արժեքների նկատմամբ բարձր պատասխանատվությանը, նրա բարոյական նկարագրին։ 

  Դասախոսության շրջանակներում Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել է նաև արդարության՝ որպես անկյունաքարային արժեքի և արդարադատության փոխհարաբերակցությանը, դատական իշխանության դերին՝ արդարության և իրավունքի գերակայության ապահովման, ժողովրդավարական, իրավական պետությունում սոցիալական հավասարակշռության պահպանման ու մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել է նաև իրավաբանի մասնագիտության կարևորությանը, պետության և հասարակության մեջ նրա դերին, սոցիալական ու բարոյական պատասխանատվությանը։

Հանդիպման շրջանակներում ուսանողներին հնարավորություն է ընձեռվել տեսական ու գործնական հարցեր հղել Վճռաբեկ դատարանի նախագահին։

 Հանդիպմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

Հանդիպման ավարտին Հայ-ռուսական համալսարանի Իրավագիտության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը և ուսանողները շնորհակալություն են հայտնել ընդունելության և բովանդակալից քննարկման համար՝ բարձր գնահատելով ուսանողների համար նման ձևաչափով շփման կարևորությունը։ Մ․Քալաշյանը նշեց, որ նման հանդիպումները բացառիկ հնարավորություն են ընձեռում ուսանողներին անմիջականորեն հաղորդակցվել բարձրագույն դատական ատյանի ներկայացուցիչների հետ, խորացնել նրանց գիտելիքներն ու առավել ամբողջական պատկերացում կազմել դատարանների գործունեության, ինչպես նաև իրավաբանի մասնագիտության առանձնահատկությունների վերաբերյալ։

  Հանդիպման ավարտին Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին են հանձնվել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախադեպային որոշումների ժողովածուները։ Նրանք շրջայց են կատարել Վճռաբեկ դատարանի շենքում, հանդիպել Վճռաբեկ դատարանի աշխատակազմի պատասխանատու ներկայացուցիչների հետ։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: