10.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  25 տարի առաջ այս օրը ձևավորվեց Հայաստանի Հանրապետության դատական եռաստիճան համակարգը և մեր երկրի համար բարդ ու պատասխանատու ժամանակաշրջանում իր գործունեությունը սկսեց բարձրագույն դատական ատյանը՝ Վճռաբեկ դատարանը։ 

 Դատարանի կազմավորման հոբելյանն առիթ է վերաարժևորելու անցած ճանապարհը, վերագնահատելու քառորդ դարի ընթացքում իրականացված գործունեության արդյունքները՝ ի նպաստ իրավունքի գերակայության և զարգացման ապահովման, օրենքների միատեսակ կիրառման սկզբունքների վրա խարսխված իրավունքահեն միջավայրի ստեղծման։ Այն նաև առիթ է որոշակիացնելու դատական համակարգի առջև ծառացած առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ռազմավարական ճանապարհները, որոնք առաջիկա տարիների ընթացքում մեզ պետք է ավելի մոտեցնեն մեր պատկերացրած հավակնոտ տեսլականին՝ ունենալ կանխատեսելի ու բացարձակ վստահելի արդարադատություն, մարդու իրավունքների դատական պաշտպանության հուսալի կառույց։

2005 թվականի սահմանադրական փոփոխություններով առաջին անգամ Վճռաբեկ դատարանը բնորոշվեց որպես օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող դատական ատյան՝ ազդարարելով դատական նախադեպի ինստիտուտի, որպես իրավական մշակույթի նոր դրսևորման սկիզբը:

Վճռաբեկ դատարանն ունի հատուկ իրավական կարգավիճակ, այն առաջին հերթին իրավունքի դատարան է և նախադեպային նշանակություն ունեցող իր դիրքորոշումների, այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունների միջոցով, ապահովում է մեկ միասնական իրավական հարթություն՝ նպաստելով իրավական որոշակիության ու կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը:

Հարկ է ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք․ առանցքային նշանակություն ունեցող մի շարք հարցերով արտահայտվել են միջազգայնորեն ընդունված սկզբունքների վրա հիմնված ուղենիշային դիրքորոշումներ՝ զարգացնելով հայրենական իրավունքը։

Պակաս կարևոր չէ հիշատակել ներպետական նշանակության հարցերով Վճռաբեկ դատարանի կողմից մոտ մեկ տասնյակի հասնող դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարան, ինչպես նաև խորհրդատվական կարծիքի հայցմամբ դիմումի ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Վճռաբեկ դատարանի որոշումների հիմքում ընկած է երկրաչափական պրոգրեսիայի ձևով տարեցտարի աճող վճռաբեկ բողոքների թվաքանակը։ Այն մինչև 2022 թվականը գործող երկու պալատների պարագայում, տարեկան հասնում էր շուրջ 6 հազարի։ Այս աշխատանքը պահանջել է հսկայական ներուժի կենտրոնացում, ուժերի գերլարում, որը հնարավոր է դարձել Վճռաբեկ դատարանի դատավորների և աշխատակազմի ամենօրյա բարեխիղճ ու հետևողական աշխատանքի շնորհիվ։

Ժամանակակից աշխարհում, երբ իրավունքն այլևս լոկ օրենսդրական կարգավորում չէ, իսկ համաշխարհային զարգացումներն աննախադեպ արագությամբ փոփոխում են միջազգային իրավունքի էությունն ու բովանդակությունը, Վճռաբեկ դատարանը չի կարող հայրենական իրավունքի զարգացումը սահմանափակել օրենսդրական կարգավորումների տեխնիկական կիրառման շրջանակով։

Բարձրագույն դատական ատյանը չի կարող իրականացնել նաև միջազգային չափանիշների մեխանիկական տրանսպլանտացիա՝ այլ երկրների առաջադեմ փորձը նույնությամբ ներմուծելով հայրենական իրավակիրառ պրակտիկա։

Կրելով Հայաստանի Հանրապետությունում կանխատեսելի արդարադատության միջավայր ձևավորելու պատասխանատվությունը՝ Վճռաբեկ դատարանն այսօր ապահովում է միջազգային չափանիշների տեղայնացումը՝ հայրենական իրավունքի ոգուն և էությանը համապատասխան։

Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող նախադեպային նշանակություն ունեցող որոշումները միջազգային լավագույն փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, Միավորված ազգերի կազմակերպության բանաձևերի և հանձնարարականների հաշվառմամբ՝ միտված են իրավակիրառ պրակտիկայում ծագող խնդրահարույց հարցերով միասնական քաղաքականության ձևավորմանը։

Այս ճանապարհին Վճռաբեկ դատարանի գործունեության օրակարգը ներառում է իրավական դոկտրինների ու մարդու իրավունքների պաշտպանության նոր հայեցակարգային լուծումների մշակումը՝ ապահովելու համակարգային կիրառման հարմոնիզացիան՝ ամեն օր փոփոխվող ու զարգացող միջազգային առաջադեմ չափանիշներին։

Վճռաբեկ դատարանը ձևավորել է նախադեպային իրավունքի կիրառման ուրույն մշակույթ, ինչով պայմանավորված դատարանին հաճախ տրվում է «նախադեպային իրավունքի դարբնոց» բնորոշումը։

Վճռաբեկ դատարանի երկարամյա գործունեության անբաժանելի ուղեկիցը մշտապես եղել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, որոնց հաշվառմամբ բազմաթիվ խնդրահարույց հարցերով, Վճռաբեկ դատարանի կողմից ապահովվել է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրապես արդյունավետ և հուսալի պաշտպանություն։

Այսօր Հայաստանի Հանրապետության դատական տարբեր ատյանների ակտերի գերակշիռ մասը հիմնավորված է Վճռաբեկ դատարանի նախադեպային բնույթի որոշումներով, որոնք լայնորեն օգտագործվում են նաև Արդարադատության ակադեմիայի կողմից իրականացվող՝ դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստման ու թեկնածուների պատրաստման, բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդման գործընթացներում, իրավաբան-գիտնականների կողմից իրականացվող հետազոտությունների անդաստանում: Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները կողմնորոշիչ նշանակություն ունեն նաև իրավաստեղծ գործունեության համար։ 

Բարձրագույն դատական ատյանի որոշումների բովանդակության մասին հանրային իրազեկումն ու դրանց մատչելիության ապահովումը Վճռաբեկ դատարանի գործունեության ուղղությունների արդյունավետ կենսագործման գրավականներից է։ Այն մեծապես նպաստում է հասարակության անդամների կողմից դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության իրենց իրավունքն առավել արդյունավետ իրացնելուն, նպաստում է հասարակության իրավական դաստիարակությանը, իրավունքի բովանդակության ընկալմանը՝ հորիզոններ բացելով իրավագիտակցության աստիճանի բարձրացման համար։  

Այս առումով, բարձրագույն դատական ատյանի գործունեության հաշվետվողականության ապահովման վստահելի գործիքներից են նախադեպային որոշումների ժողովածուները, որոնք լավագույն միջոց են իրավական հանրության և հասարակության լայն շրջանակների համար հետևելու Վճռաբեկ դատարանի գործունեության ընթացքին։

Ժողովածուների հրատարակումը կյանքի է կոչվում նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում: Մեր միջազգային գործընկեր՝ Եվրոպայի խորհրդի հետ շարունակական համագործակցության շրջանակներում, 2022 թվականին գործարկվեց Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջը, որտեղ ամենօրյա ռեժիմով հրապարակվում ու նաև լուսաբանվում են բարձրագույն դատական ատյանի նախադեպային որոշումներն ու գործունեությունը՝ ակնառու դարձնելով թափանցիկ և հաշվետու աշխատելու՝ մեր որդեգրած քաղաքականությունը։

Հատկանշական է, որ պայմանավորված իրավունքի զարգացման նոր միտումներով` վերջին տարիների ընթացքում Վճռաբեկ դատարանի որոշումներում առավել հաճախ կարելի է հանդիպել մեջբերումներ միջազգային փափուկ իրավունքից (soft law), միջազգային հեղինակավոր կառույցների բանաձևերից և հանձնարարականներից, արտասահմանյան երկրների առաջադեմ փորձից, ինչն առավել բարձրացնում է նախադեպային որոշումների արժեբանական նշանակությունը` այդ կերպ նաև ազգային իրավական համակարգում սահմանելով մարդու իրավունքների երաշխավորման որակապես բարձր նշաձող։

Կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ իրավունքի գերակայության ապահովման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, Վճռաբեկ դատարանը սերտ և համընդգրկուն փոխգործակցություն է ծավալում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ:

Վճռաբեկ դատարանը բարձր է գնահատում նաև համագործակցությունը եվրոպական իրավակարգի պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ։

Թերևս գաղտնիք չէ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորվող իրավական պաշտպանության արժեքներն ինտեգրվում են անդամ պետությունների իրավական համակարգերում բարձրագույն դատական ատյանների իրավական դիրքորոշումներով, որպիսի գործառույթի իրականացումը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքի՝ Սահմանադրության մակարդակով, վերապահված է Վճռաբեկ դատարանին։

Մեր ամենօրյա գործունեության ուշադրության առանցքում է միջազգային դատարանի վճիռների կատարման գործընթացը՝ հավատարիմ լինելով Եվրոպական կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանն ու դրանց անշեղորեն հետևելու՝ մեր պետության որդեգրած քաղաքականությանը։

Մենք առաջնորդվում ենք այն գիտակցումով, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիոն համակարգի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է միջազգային դատարանի վճիռների կատարման մակարդակով։

Վճռաբեկ դատարանի համագործակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ նոր թափ ստացավ 2018 թվականի օգոստոսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ Կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը՝ որակապես նոր հարթակ ձևավորելով միջազգային և ազգային դատարանների համագործակցության համար։

Այս գործիքակազմը հնարավորություն ընձեռեց Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ազգային բարձր դատարաններին, իրենց ներդրումն ունենալ Եվրոպական իրավակարգի պահպանության և իրավական արժեքների ձևավորման գործում։

Հայաստանի Հանրապետությունը առաջին տասը պետությունների շարքում է, որոնք ստորագրել և վավերացրել են Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանն առաջիններից է եղել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների բարձրագույն դատարաններից, որն արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո, այս կարճ ժամանակահատվածում, օգտագործել է այդ կառուցակարգը և 2022 թվականի ապրիլի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումի հիման վրա, տրամադրել է խորհրդատվական կարծիք՝ խոշտանգման գործերով խնդրահարույց ու միաժամանակ զգայուն հարցի վերաբերյալ։ Միջազգային դատարանից ստացված այս խորհրդատվական կարծիքն իր նշանակությամբ դարձել է օրակարգային քննարկման առարկա թե՛ միջազգային հասարակական կազմակերպությունների շրջանում, թե՛ միջազգային ակադեմիական աշխարհում։

2017 թվականից ի վեր, ՀՀ Վճռաբեկ դատարանն անդամակցում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարձրագույն դատական ատյանների ցանցին, որի ստեղծման հիմնական նպատակը միջազգային դատարանի և ազգային բարձր դատարանների միջև մշտական կապի ու շարունակական երկխոսության ամրապնդումն է։

Վճռաբեկ դատարանն ակտիվորեն մասնակցում է նշված հարթակով տեղեկատվության փոխանակմանը՝ դրանով իսկ մասնակցություն ունենալով Եվրոպական դատարանի կողմից համեմատական ուսումնասիրությունների իրականացման գործընթացին։

Մենք մեծապես կարևորում ենք նաև այլ երկրների բարձրագույն դատական ատյանների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը։ Այս առումով փոխգործակցության կայուն պլատֆորմ է ձևավորվել Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հետ։

 ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրավերով, 2022 թվականի աշնանը կայացել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության եռօրյա այցը Հայաստանի Հանրապետություն, որի շրջանակներում քննարկվել են երկու երկրների բարձրագույն դատական ատյանների գործունեությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր և նախանաշվել հետագա համագործակցության հեռանկարները։  

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետ ձևավորված համընդգրկուն փոխգործակցության շրջանակներում, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի  կողմից, Վճռաբեկ դատարանի դատավորների մասնակցությամբ կազմակերպվել են արտասահմանյան այցեր՝ այդ թվում ԱՄՆ Գերագույն դատարան, համաժողովներ և այլ ձևաչափով քննարկումներ՝ նվիրված արդարադատության ոլորտում կանանց դերին, ընտանեկան բռնության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման և անդրազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը։

Որակապես նոր հարթության վրա է դրվել նաև Վճռաբեկ դատարանի համագործակցությունը ԱՊՀ երկրների բարձրագույն դատական ատյանների հետ։

2021 թվականին ստորագրվել և 2022 թվականի նոյեմբերի 26-ից ուժի մեջ է մտել «ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհուրդ ձևավորելու մասին» համաձայնագիրը, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը։

Խորհրդի ձևավորման նպատակն է նպաստել համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների դատական մարմինների միջև իրավական փոխօգնության մեխանիզմների ընդլայնմանը, օրենսդրության կիրառման ոլորտում կանոնավոր փորձի փոխանակմանը։

Այս տարվա փետրվարին կայացած՝ ԱՊՀ մասնակից պետությունների գերագույն դատարանների նախագահների խորհրդի անդրանիկ նիստի արդյունքներով, խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, և խորհրդի նախագահ է ընտրվել Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահը։ Խորհրդի 1-ին պաշտոնական նիստը նախատեսվել է անցկացնել 2024 թվականին՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։

Կատարված աշխատանքը ներկայացնելուն զուգահեռ, կարևոր է խոսել նաև Վճռաբեկ դատարանի առջև ծառացած մարտահրավերների մասին, որոնք առաջիկա տարիների ընթացքում անհրաժեշտ է լինելու գործնականում հաղթահարել։

2021 թվականի բարեփոխումների արդյունքում Վճռաբեկ դատարանում նախատեսվեցին կառուցվածքային մի շարք փոփոխություններ և քաղաքացիական ու վարչական պալատներն առանձնացվեցին։ Նույն թվականին ձևավորվեց նաև հակակոռուպցիոն մասնագիտացված թվով չորրորդ պալատը, որի ստեղծումը նպատակ է հետապնդում ամբողջացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ դատական համակարգը՝ վճռաբեկության մակարդակով ևս ապահովելով կոռուպցիոն բնույթի գործերի մասնագիտացված վերանայում և երաշխավորել միասնական կոնսոլիդացված մոտեցում՝ կուռուպցիայի դեմ հետևողական ու արդյունավետ պայքար ծավալելու համար։

Հակակոռուպցիոն պալատի առջև ծառացած մարտահրավերներն առավել ընդգրկուն են։ Այն ունի կառուցվածքային ուրույն մոդել՝ ամփոփելով համակարգման տարբեր ոլորտներ։ Պալատի գործունեության առաջնահերթություններից է կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերով միասնական իրավական քաղաքականության մշակումը։

2022 թվականի հուլիսի 1-ից զարգացման նոր շրջափուլ թևակոխեց քրեաիրավական ոլորտը, երբ միաժամանակ ուժի մեջ մտան քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերը, որոնց միասնական ու ներդաշնակ կիրառության ապահովումը դարձել է Վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների գործունեության առաջնային մարտահրավերը՝ առավել ընդարձակելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների, որպես իրավունքի ծանրակշիռ աղբյուրի  դերակատարումը՝ իրավակիրառ պրակտիկայում առաջացող հակասությունները բացառելու և անորոշությունները հաղթահարելու առումով։

Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության զարգացման ռազմավարության օրակարգային հարցերից է հանրային վստահության ամրապնդումը, որը մշտապես պահանջում է գործուն միջոցների ձեռնարկում՝ ինչպես դատաիրավական բարեփոխումները համակարգող գործադիր և օրենսդիր իշխանության թևերի, այնպես էլ դատական իշխանության ներկայացուցիչների՝ դատավորների կողմից։

Մի շարք հեղինակավոր միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով), Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (ԳՐԵԿՈ), Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, հատուկ ուշադրություն են սևեռում դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման պատշաճ գործիքակազմի մշակմանը։

Միջազգային չափանիշների համաձայն՝ հանրային վստահության համեմատաբար բարձր մակարդակ ակնկալող դատական իշխանության մոդելը հենվում է երեք հիմնասյուների վրա, որոնց երաշխավորմամբ միայն կարող է ապահովվել իրավունքի գերակայության վրա հիմնված լեգիտիմ դատական իշխանության գոյությունը։ Դրանք են

ա) անկախությունն ու անկողմնակալությունը,

բ) հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, և

գ) ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրականացումը։

Հիմնասյուներից առաջինը՝ անկախությունը, դատական իշխանության անօտարելի հատկանիշներից է, ինչը բխում է իրավունքի գերակայության և այն անձանց շահերից, որոնք օգտվում են արդարադատությունից և ակնկալում են ստանալ արդարությամբ բովանդակված վերջնական լուծումներ։

Առանց դատարանի և դատական իշխանության կրողների՝ դատավորների անկախության, խոսք չի կարող լինել արդարադատության մասին։ Այն ենթադրում է գործառնական, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության այնպիսի երաշխիքներ, որոնց առկայության պարագայում միայն, դատական իշխանությունը կարող է երկրում իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորը հանդիսանալ։

Դատարաններից արդարադատություն հայցող հասարակության յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր անձ պետք է համոզված լինի, որ գործ ունի արդյունավետ ինստիտուտի հետ՝ ակնկալելով կանխատեսելի ու որակյալ արդարադատություն, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտեր։

Արդարադատության որակի վրա իրենց ազդեցություն են թողնում չափազանց հաճախ կատարվող օրենսդրական փոփոխությունները, դրանցում անորոշություններն ու անհստակությունները։

Երբեմն օրենսդրության ներքին հակասություններն ու երկիմաստություններն են խոչընդոտում դատարանների կողմից միատեսակ և համընդհանուր հավանության արժանի մեկնաբանության ապահովմանը, որի վկայությունն են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանձին վճիռներում արձանագրված խախտումները։ 

Աներկբա է, որ այս կամ այն դատական գործի վերաբերյալ իրազեկված լինելու հասարակության անդամների լեգիտիմ ակնկալիքն առաջին հերթին երաշխավորվում է հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտերով, սակայն թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների իրագործման շնորհիվ է նաև երաշխավորվում վստահելի ու կանխատեսելի արդարադատությունը, ամրապնդվում հանրային վստահությունը դատական իշխանության հանդեպ։

Դատարանների գործունեության արդյունավետության նկատմամբ թերահավատությունն ու վստահության պակասը հաճախ պայմանավորված է լինում իրազեկվածության ցածր աստիճանով, մասնագիտական ճշգրիտ տեղեկատվության բացակայությամբ:

Դատական նիստերի հրապարակայնությունն ավանդաբար ընկալվել է որպես դատարանների և լայն հանրության միջև շփման միակ ձևը, ինչը հաճախ հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե ինչ ծավալի աշխատանք, ինչ քանակի իրավունքների խախտումներ են արձանագրվել և վերականգնվում դատական կարգով: 

Հանրությանը դատարանների դերի և գործունեության մասին տեղեկություններ հաղորդելու գործում առանցքային է լրատվամիջոցների դերը, որոնք արտաքին դիտորդի դեր են կատարում և հասարակության շրջանում արդարադատությունը ինտեգրելու առումով նպաստում են դատարանների ու հանրության միջև կապի հաստատմանը։

 Օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու միջոցով վեր հանելով դատարանների հնարավոր թերացումները, լրատվամիջոցները կարող են նույնիսկ կառուցողական ներդրում ունենալ արդարադատության որակի բարելավման հարցում։

Դատական իշխանության հասցեին հնչող քննադատությունը կարող է արդյունավետ լինել, բացառապես եթե այն առողջ է, անկողմնակալ ու կառուցողական, չի խաթարում ու չի վնասում դատական իշխանության հեղինակությունը, դատավարության մասնակիցների իրավունքներն ու շահերը։  

Դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման կարևորագույն հենասյուներից է նաև ողջամիտ ժամկետում գործերի քննության ապահովումը, որն այն աստիճանի է փոխկապակցված դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության բաղադրիչի հետ, որ դժվար է պատկերացնել այդ ցացանիշի աճ՝ ողջամիտ ժամկետների խախտման պայմաններում։ Վերջինիս հիմքում ընկած է նաև միջազգային իրավական փաստաթղթերում օգտագործվող` «Justice delayed is justice denied» («ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է») գաղափարը։

Ներկայումս մեր երկրում ընթացող դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, զգալիորեն ավելացել է դատավորների թվակազմը՝ առավել նպաստավոր միջավայր ձևավորելով գործերի քննության ողջամիտ ժամկետի ապահովման համար, սակայն դատարանների գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այս խնդիրը շարունակում է մնալ դատական համակարգի առաջ ծառացած առաջնային մարտահրավերը, որը հաղթահարելու պայմաններում միայն դատական համակարգի գործունեությունը կկարողանա ապահովել ակնկալվող արդյունավետության մակարդակը։

Այս համատեքստում հարկ է ընդունել, որ դատական համակարգն այսօր զերծ չէ թերացումներից, իսկ երբեմն նաև սխալներից, հետևաբար դեռևս անելիքներ կան դատարանների կողմից կայացված դատական ակտերը Սահմանադրությանը, գործող օրենսդրությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով ձևավորած չափորոշիչներին ու միջազգային առաջադեմ չափանիշներին շարունակաբար համապատասխանեցնելու հարցում։

Ամփոփելով խոսքս, ուզում եմ ընդգծել, որ մեր տեսլականն է Հայաստանի Հանրապետությունում կանխատեսելի արդարադատության հայեցակարգի զարգացմամբ ձևավորել իրավունքահեն միջավայր։ Այս նպատակով, մեր երկրի Հիմնական օրենքով տրված բացառիկ առաքելության շրջանակներում, Վճռաբեկ դատարանը շարունակելու է ամենօրյա աշխատանքով ապահովել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև հետևողականորեն վերացնել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները՝ երաշխավորելով ժողովրդավարական պետության առաջնահերթություններից՝ իրավունքի գերակայության սկզբունքի արդյունավետ իրացումը։

 

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ,

Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան,

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

           

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: