27.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ՆՅՈՒ ԲՐԱՆՍՎԻԿ ՆԱՀԱՆԳԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐԿ ՌԻՉԱՐԴԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

  Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, 2026 թվականի մայիսի 25-ին, ընդունել է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Նոր Շոտլանդիա նահանգի վերաքննիչ դատարանի դատավոր Քերոլ Բիթոնը, Կանադայի արդարադատության կառավարման ինստիտուտի գործադիր տնօրեն Քրիստին Օ’Դոհերթին և Կանադայի դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի միջազգային ծրագրերի տնօրեն Օլեգ Շակովը:

 Ողջունելով հյուրերին՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծեց երկու երկրների դատական համակարգերի միջև ձևավորված համագործակցությունը շարունակաբար ամրապնդելու կարևորությունը։ Վճռաբեկ դատարանի նախագահը հատկապես կարևորեց անչափահասների քրեական արդարադատության ոլորտում Կանադայի արդյունավետ փորձի փոխանցումը, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների համատեքստում այդ փորձն օգտակար կլինի ոլորտի հետագա զարգացման համար։

 Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և մանրամասն ներկայացրեց 2025-2026 թվականների տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները։

 Հանդիպման շրջանակներում քննարկվեցին նաև Հայաստանի Հանրապետությունում անչափահասների քրեական արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղություններն ու արձանագրված առաջընթացը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: