ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՄԲ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀՈՂԱՄԱՍԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ՉԸՆԴՈՒՆՎԵԼՈՒՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/11705/05/21 վարչական գործով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է հետևյալ իրավական հարցադրումներին.
- հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու դեպքում արդյո՞ք հայցվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված օրենքի ուժով.
- արդյո՞ք անձը կարող է գործողության կատարման հայցատեսակի սահմաններում պահանջել տրամադրել համապատասխան փաստաթուղթն այն դեպքում, երբ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետության և համայնքների սեփականության հողամասերի տրամադրման ձևերից մեկը դրա սեփականության իրավունքով տրամադրումն է։ Այնուամենայնիվ, հողային հարաբերություններն առանձնանում են պետական վերահսկողության բարձր աստիճանով և իրավական կարգավորման հատուկ մեխանիզմներով։ Հողը՝ որպես հանրային սեփականություն և սահմանափակ բնական ռեսուրս, ենթակա է տրամադրման միայն հստակ օրինական ընթացակարգի պահպանմամբ։ Այդ պատճառով էլ օրենսդիրը հողամասի տրամադրման ոլորտում բացառել է այնպիսի իրավական հետևանքների առաջացումը, որոնք կարող էին ձևավորվել վարչական անգործության հիմքով՝ նախատեսելով կարգավորում առ այն, որ հողամասի տրամադրման վերաբերյալ դիմումը տվյալ դիմումի քննարկման համար նախատեսված ժամկետի լրանալու պարագայում համարվում է մերժված համապատասխան վարչական մարմնի անգործության, այն է՝ տվյալ դիմումի վերաբերյալ վարույթը սահմանափակող ակտ չկայացնելու դեպքում։
Վճռաբեկ դատարանն ամրագրել է, որ հողային իրավահարաբերություններում, ի թիվս այլնի, առկա են երկու առանձին տեսակի վարչական վարույթներ, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես առարկայով և դիմող անձի ակնկալիքով, այնպես էլ օրենքով դրանց համար նախատեսված հետևանքներով։ Այնուամենայնիվ, նշված վարչարարություններից յուրաքանչյուրի դեպքում վարչական վարույթի հարուցման հիմքն անձի դիմումն է, ուստի և կապված դիմումով ներկայացված պահանջից՝ վարչական վարույթը կարող է եզրափակվել օրենքով նախատեսված տարբեր եղանակներով։ Մասնավորապես, եթե անձի դիմումը վերաբերում է հողամասը տրամադրելուն, ապա այդ հիմքով հարուցվում է վարույթ, որի քննության առարկան է հանդիսանում պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով տրամադրելը։ Նման վարչարարությունը չի կարող եզրափակվել այլ կերպ, քան դիմումի բավարարումն է կամ մերժումը, ընդ որում մերժման եղանակը կարող է լինել ինչպես վարչական մարմնի կողմից միջամտող վարչական ակտի ընդունումը, այնպես էլ վարչական մարմնի անգործությունը, որի դեպքում դիմումը համարվում է օրենքի ուժով մերժված՝ հողամաս տրամադրելու դիմումի քննարկման համար սահմանված ժամկետը լրանալու պահից։ Միաժամանակ, եթե անձի դիմումը վերաբերում է ոչ թե պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով տրամադրելուն (այդ իրավունքների փոխանցմանը), այլ հողամասին առնչվող այլ իրավունք (ներառյալ՝ ձեռքբերման նախապատվության իրավունքը) ճանաչելուն, ապա այդ դեպքում վարչական վարույթի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 58-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հատուկ կարգավորումը կիրառելի չէ, և վարչական վարույթը կարող է եզրափակվել ընդհանուր կարգով՝ ինչպես միջամտող, զուգորդող կամ բարենպաստ վարչական ակտի ընդունմամբ, այնպես էլ վարչական մարմնի անգործության դեպքում՝ իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ։
Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն ամրագրել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու դեպքում հայցվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված օրենքի ուժով, եթե բավարարված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված պահանջները։ Հետևաբար, անձը կարող է գործողության կատարման հայցատեսակի սահմաններում պահանջել տրամադրել համապատասխան փաստաթուղթն այն դեպքում, երբ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել և վարչական մարմինն անձին չի տրամադրել օրենքի ուժով ընդունված վարչական ակտի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը։
Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases/3091
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: