ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՄԲ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՊԱՐՏԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՄԱՆԸ
ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/6031/05/23 վարչական գործով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է հետևյալ իրավական հարցին.
- արդյո՞ք պարտավորեցման հայցը կարող է համարվել թույլատրելի և ենթակա լինել դատարանի քննությանն այն պարագայում, երբ վարչական մարմնի կողմից դրսևորվել է անգործություն, այն է՝ օրենքով սահմանված ժամկետում չի ընդունվել վարչական վարույթը եզրափակող որևէ վարչական ակտ, ինչով պայմանավորված առկա է ֆիկցիայի ուժով բարենպաստ վարչական ակտն ընդունված համարելու իրավական նախադրյալ, որը կարող է քննարկման առարկա դառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորեցման հայցը կարող է համարվել թույլատրելի և ենթակա լինել դատարանի քննությանը միայն այն պարագայում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում կայացրել է հայցվող բարենպաստ վարչական ակտ ընդունելը մերժելու մասին միջամտող վարչական ակտ, մինչդեռ այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից դրսևորվում է անգործություն, այն է՝ օրենքով սահմանված ժամկետում չի կայացվում վարչական վարույթը եզրափակող որևէ վարչական ակտ, որպիսի հանգամանքով պայմանավորված առկա է լինում ֆիկցիայի ուժով բարենպաստ վարչական ակտն ընդունված համարվելու իրավական նախադրյալ, ապա պարտավորեցման հայցը չի կարող համարվել թույլատրելի և ենթակա լինել դատարանի քննությանը, քանի որ այդ դեպքում դատական պաշտպանության ճիշտ եղանակը կարող է հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը։ Այլ կերպ ասած՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ օրենքով սահմանված ժամկետում չկայացվելու դեպքում թույլատրելի հայցատեսակ է հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցը, որն ինքնին բացառում է պարտավորեցման հայց ներկայացնելու, այն վարույթ ընդունելու և գործի քննություն իրականացնելու իրավական հնարավորությունը։
Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases/3097
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: