ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՀԱՆՁՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ՀՀ Վճռաբեկ դատարանը ԵԴ1/0229/11/26 վարույթով 2026 թվականի հոկտեմբերի 9-ին կայացրած որոշմամբ անդրադարձել է անձին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը հանձնելու թույլտվության մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշման պատճառաբանվածության բովանդակային պահանջներին։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանձնման վարույթում չի լուծվում անձի դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հարցը Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով։ Ուստի հանձնման թույլտվության որոշման նկատմամբ ամբողջ ծավալով կիրառելի չեն այն պահանջները, որոնք ներկայացվում են քրեական մեղադրանքը հիմնավորող դատավարական ակտին։ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին պայմանագիրը երկակի քրեականացվածությունը գնահատում է արարքի, այլ ոչ թե հանցակազմի հիման վրա։ Արարքի փաստական նկարագիրը ձևավորվում է հայցող պետության հարցմամբ, և հենց այդ տեսքով էլ այն գնահատվում է։ Հետևաբար իրավասու մարմինը պարտավոր չէ մատնանշել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ հանցակազմը կամ իր որոշման մեջ վերաշարադրել հարցման բովանդակությունը։
Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ իրավասու մարմնի որոշումը հանձնման հարցման և կից փաստաթղթերի հետ կազմում է մեկ իրավական ամբողջություն, ուստի չի կարող գնահատվել դրանցից առանձին։ Եթե ակտը հիմնավորված է, և վարույթի նյութերի ամբողջության համատեքստում դատարանն ի վիճակի է ստուգել դրա համապատասխանությունն օրենքին և միջազգային պայմանագրերին, ապա որոշման վերացումը զուտ շարադրանքային թերության պատճառով կհանդիսանա անհամաչափ հետևանք և ձևական մոտեցման դրսևորում, որն անհամատեղելի է արդարադատության էության, ինչպես նաև պայմանագրի բարեխիղճ կատարման հետ։
Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` http://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/4181
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: