07.03.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

  Արմեն Նալբանդյանի վերաբերյալ թիվ ԼԴ/0057/01/19 գործով 2024 թվականի մարտի 1-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Համաներման մասին օրենքն ունի կիրառության մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես՝ այն նախատեսում է կիրառման տարբեր ռեժիմներ, որոնց դեպքում, մի կողմից՝ արգելվում է անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը կամ սահմանվում է, որ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ մյուս կողմից նախատեսվում է այնպիսի պայմաններ, որոնց դեպքում անձը կարող է ազատվել պատժից կամ պատիժը մեղմացվել և այլն:

  Վերոգրյալի հետ միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքերում, երբ առկա են Համաներման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը բացառելու պայմանները, սակայն մեղադրյալն առարկում է այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ և պահանջում է մեղքի հարցի վերջնական լուծում, ապա գործի քննությունը շարունակվում է, և եթե անձի մեղավոր ճանաչվելու դեպքում Համաներման ակտը կիրառելի է նրա նկատմամբ, ապա դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ՝ առանց պատիժ նշանակելու, այլ ոչ թե նշանակում է պատիժ և ազատում պատժից, քանի որ քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգամանքի առկայությունը խոչընդոտ է հանդիսանում մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում անձի նկատմամբ պատիժ նշանակելուն:

  Ավելին՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանցանքների համակցության առկայության յուրաքանչյուր դեպքում, երբ առկա են Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմանը խոչընդոտող հանգամանքներ (օրինակ՝ մեղադրյալին մեղսագրվող արարքների համար նախատեսված առավելագույն պատիժների հանրագումարը գերազանցում է 6 տարի ժամկետով ազատազրկումը), և միաժամանակ դրա փոխարեն կիրառելի են Համաներման օրենքի՝ մեղադրյալին պատժից ազատելու կանոնները, Վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե հանցանքների համակցության մեջ մտնող որևէ հանցանքի կատարման մեջ մեղադրյալի նկատմամբ կայացվում է արդարացման դատավճիռ, ապա մեղադրյանքի մյուս մասի նկատմամբ Համաներման օրենքի տարածման դեպքում դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ՝ առանց պատիժ նշանակելու, այլ ոչ թե նշանակում է պատիժ և ազատում դրանից։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: