06.11.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՅԱՑՐԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ/22976/02/22 քաղաքացիական գործով Կարինե Հակոբյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի շրջանակներում անդրադառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանական որոշման մասին առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավական հնարավորությանը, արձանագրել է, որ վերը նշված օրենքի համապատասխան իրավակարգավորումներով օրենսդիրն ուղղակիորեն նախատեսել է, որ ինչպես նախազգուշացում կիրառելու մասին որոշումը, այնպես էլ անհետաձգելի միջամտության որոշումը կարող են բողոքարկվել և´ վերադասության, և՛ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

  Մինչդեռ, ի տարբերություն վերը նշված՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու միջոցների, մյուս երրորդ միջոցի՝ պաշտպանական որոշման առումով օրենսդիրն այդ որոշման դատական կարգով բողոքարկում օրենքով ուղղակիորեն չի նախատեսել։ Ընդ որում, պաշտպանական որոշման բողոքարկում նախատեսված չէ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով:

  Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ եթե վերաքննության կարգով բողոքարկվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կայացրած՝ Օրենքով նախատեսված պաշտպանական որոշումը, ապա նման բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա է մերժման։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil-cases/2190

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: