ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու հարցի կապակցությամբ, Լուսինե Կարապետյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԿԴ2/0009/11/19 որոշմամբ միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար արտահայտել է ուղենիշային դիրքորոշում առ այն, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը վերացական վերահսկողության առարկա դառնալ չի կարող։ Այն կարող է կոնկրետ վերահսկողության ենթարկվել, երբ ելնելով անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի նկատմամբ իրականացված միջամտությունից, մեղադրյալն ունի իրական շահագրգռվածություն՝ լքելու իր մշտական բնակության վայրը (երկիրը) կամ իրականում ձգտում է հեռանալ, սակայն վարույթն իրականացնող մարմնից չի ստանում թույլտվություն։ Նման պայմաններում կարող է գնահատման ենթարկվել գործի պատշաճ քննության ապահովման համար հանրային շահի և մեղադրյալի ազատ տեղաշարժվելու մասնավոր շահի հավասարակշռված պաշտպանությունը։
Մեկ այլ՝ Նարեկ Գյոզալյանի վերաբերյալ գործով 2023 թվականի փետրվարի 7-ի թիվ ԵԴ/0233/01/18 որոշմամբ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել հափշտակությունների, այդ թվում՝ ավազակության պարագայում, բնակարան ապօրինի մուտք գործելով ծանրացնող հանգամանքի առկայության վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ բնակարան ապօրինի մուտք գործելով ծանրացնող հանգամանքն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ հանցավորը մուտք է գործում տուժողի բնակարան նրա կամքին հակառակ (օրինակ՝ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով և այլն), այլև այն իրավիճակում, երբ տուժողի կամքն անտեսվում է (օրինակ՝ գաղտնի ներթափանցելով, խաբեության միջոցով և այլն)։ Ընդ որում, խաբեության դեպքում հանցավորն իրականությունը խեղաթյուրելու միջոցով, այն է՝ կոնկրետ փաստերը ձևախեղելու, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելու, իրական մտադրության մասին լռելու կամ այլ եղանակներով, անձին դիտավորյալ մոլորության մեջ է գցում, անտեսում է վերջինիս իրական կամքը, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած բնակարանի սեփականատերը կամ այլ տիրապետողը թույլատրում է կամ չի խոչընդոտում հանցավորի մուտքը բնակարան:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: