10.02.2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԿԱԶՄԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

  Վճռաբեկ դատարանը, 2026 թվականի հունվարի 23-ի թիվ ԵԴ/0594/01/22 որոշմամբ վերլուծելով համակարգչային հափշտակության հանցակազմը, արձանագրել է, որ համակարգչային հափշտակությունն ըստ էության դրսևորվում է հափշտակության ավանդական եղանակներից որևէ մեկով, սակայն համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի՝ ըստ նպատակային նշանակության օգտագործմամբ։ Հափշտակության մնացած տեսակները և համակարգչային հափշտակությունը հարաբերակցվում են որպես ընդհանուր և հատուկ նորմեր, ուստի արարքը պետք է որակել այն հոդվածով, որն առավել ամբողջական է արտացոլում կատարված հանցանքի բոլոր հատկանիշները։

  Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ եթե ուրիշի գույքի հափշտակությունը կատարվել է համակարգչային համակարգն ըստ նպատակային նշանակության օգտագործմամբ՝ համակարգչային տվյալն ապօրինի մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու կամ այլ եղանակով ներգործելու միջոցով, ապա արարքը ենթակա է որակման որպես համակարգչային հափշտակություն։ Այլ կերպ՝ համակարգչային հափշտակության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հափշտակությունը հնարավոր չէ իրականացնել առանց համապատասխան համակարգչային տվյալն օգտագործելու, առանց ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածով նախատեսված եղանակներով համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի վրա ներգործելու և համակարգչային ծրագրում առկա տվյալներին հասանելիություն ստանալու։

  Մինչդեռ, եթե անձը համակարգչային համակարգը օգտագործել է ոչ թե ըստ նպատակային նշանակության, այլ ոչնչացրել կամ վնասել է այն՝ դրանում գտնվող նյութական արժեքներին տիրանալու նպատակով (օրինակ` կոտրել է բանկոմատը), ապա արարքը ենթակա է որակման որպես տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կատարված գողություն։

 

  Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ`  https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/3112

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: