14.04.2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԻՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՐԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը՝ 2026 թվականի ապրիլի 10-ի թիվ ԵԴ1/1194/06/23 որոշմամբ, անդրադառնալով ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար իրականացվող ձերբակալման առանձնահատկություններին, արձանագրել է, որ նշված հիմքով անձի ձերբակալման համար պարտադիր է վերջինիս՝ համապատասխան կարգավիճակ ունենալու հանգամանքը, մասնավորապես՝ քննարկվող հիմքով ձերբակալումը կարող է կիրառվել բացառապես այն մեղադրյալի նկատմամբ, ով գտնվում է ազատության մեջ։ Նշված պայմանի առկայությունը բացառում է միջազգային և ներպետական օրենսդրությամբ երաշխավորված անձի հիմնարար իրավունքներից մեկի՝ անձնական ազատության իրավունքի առկայության ձևական մեկնաբանման ցանկացած դրսևորում՝ հաշվի առնելով նշված իրավունքի հիմնարար և անօտարելի բնույթը։

  Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մեղադրյալը չի կարող համարվել ազատության մեջ գտնվող, եթե նախորդ հիմքով իրականացված ձերբակալումից ազատ արձակվելուց հետո փաստացի ազատության մեջ է գտնվել չափազանց կարճատև ժամանակահատված, և հնարավորություն չի ունեցել իրացնել իր այն իրավունքները, որոնք սահմանափակվում են ազատությունից զրկվելու պայմաններում։

  Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով իրականացված ձերբակալման առավելագույն ժամկետը՝ 72 ժամը լրանալուց հետո անձին ազատ արձակելու պահից ընդամենը 5 րոպե անց՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով ձերբակալելու պայմաններում, անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքը մեկնաբանվել է խիստ ձևականորեն՝ հնարավորություն ընձեռելով վարույթն իրականացնող մարմնին շրջանցել օրենսդրական արգելքը և արհեստականորեն «լրացուցիչ ժամանակ շահել»։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրության պահանջների նման եղանակով շրջանցումն անթույլատրելի է, հակասում է վարույթն իրականացնող մարմնի բարեխղճության կանխավարկածին, ինչպես նաև չի բխում քրեական դատավարության տրամաբանությունից։

 

  Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ`  https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/3192

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: