23.04.2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՉԵՐԻ ՀԱՆՑԱԿԱԶՄԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  Վճռաբեկ դատարանը, օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործառույթների շրջանակներում, միջազգային-իրավական չափանիշների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, 2026 թվականի ապրիլի 23-ի թիվ ԵԴ/1485/01/21 որոշմամբ ուղենիշային դիրքորոշումներ է արտահայտել ատելության խոսքի առավել ծանր դրսևորման՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հանցակազմի վերաբերյալ։

  Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը խոսքը որպես «բռնության կոչ» դիտարկելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար սահմանել է չափանիշներ՝ կարևորելով, որ յուրաքանչյուր դեպքում, ելնելով գործի կոնկրետ փաստական հանգամանքներից, դրանք պետք է գնահատվեն ոչ թե առանձին վերցված, այլ համակցության մեջ։

  Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հանրային գործունեություն իրականացնող, այդ թվում՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք  և քաղաքական գործիչները, իրենց կարգավիճակով և գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, հասարակության կողմից թեև կարող են ավելի շատ և առավել կոշտ քննադատության ենթարկվել, ինչը ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտություն է, սակայն դա չի կարող դուրս գալ խոսքի ազատության թույլատրելիության սահմաններից և վերածվել պաշտոնատար անձի, առավել ևս նրա ընտանիքի անդամների նկատմամբ որոշակի հանգամանքներով, ներառյալ՝ քաղաքական հայացքներով պայմանավորված բռնության հրահրման կամ ատելության խոսքի։

 

  Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ`  https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/3211

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: