22.04.2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՏՈՒԺՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2026 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ արձանագրել է, որ մահացած տուժողի վերաբերյալ փոխանցվող տվյալը ստանալու ընթացակարգը համահունչ չէ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ և 2-րդ հոդվածներով նախատեսված չափանիշներին և չի ապահովում հանրային և մասնավոր շահերի (մահացած տուժողի շահերի) հավասարակշռված պաշտպանությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մահացած տուժողի դեպքում վերջինիս իրավունքների պաշտպանության համար երաշխիքներ նախատեսելու պահանջով պայմանավորված՝ մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի և հանցագործության բացահայտման հանրային շահի միջև արդարացի հավասարակշռումից բխում է, որ միջամտող քրեադատավարական գործիքակազմը նպատակային գործադրվում է ոչ թե տուժողի իրավունքները սահմանափակելու համար, այլ որպես հանցագործության բացահայտման վերջին միջոց՝ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար։

  Ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի տարբեր մասերում տեղ գտած սուբյեկտային սահմանափակումները մահացած տուժողի իրավունքների պաշտպանության և հանցագործության բացահայտման շահով պայմանավորված իրավակիրառ պրակտիկայում պետք է մեկնաբանվեն փոխանցվող տվյալները տրամադրելու օգտին։ Նման դատողությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սուբյեկտի (տուժողի) մահն ինքնին բացառում է այդ տվյալների նկատմամբ ենթադրյալ հանցագործության զոհից տվյալների նկատմամբ հասանելիության համաձայնություն ստանալու հնարավորությունը։

 

   Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/3209

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: