12.11.2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՌԱՄՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը՝ 2026 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ՀԿԴ/0067/02/23 որոշմամբ, անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված եռամյա ժամկետը հայցային վաղեմության ժամկետ հանդիսանալու և իրավասու մարմնի՝ այդ ժամկետում դատարան հայց ներկայացնելու կաշկանդվածության հարցերին՝ վերջիններս դիտարկելով երկու մրցակցող արժեքների լույսի ներքո՝ ապօրինի ծագում ունեցող գույքը քաղաքացիական շրջանառությունից հանելու հանրային շահի և իրավական որոշակիության` քաղաքացիական շրջանառության ու տնտեսական կայունության տեսանկյուններով։ Վճռաբեկ դատարանն առանձնակի կարևորել է, որ իրավակիրառ պրակտիկան ուշադրություն դարձնի նորմի նպատակին և, թե ինչ արժեքների ու շահերի պաշտպանությանն է ուղղված: Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենքի 8-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի այնպես, որ ուսումնասիրության համար առավելագույնը երեք տարի ժամկետն իր մեջ ներառում է իրավասու մարմնի կողմից այդ ժամկետում սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելը:

     Միևնույն ժամանակ անդրադառնալով իրավասու մարմնի կողմից ներկայացված հայցի հիմքի ու առարկայի փոփոխմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավասու մարմինը հայցի հիմքի և առարկայի փոփոխության շրջանակում չի կարող պահանջ ներկայացնել այնպիսի գույքի նկատմամբ, որն ուսումնասիրության առարկա չի դարձել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում: Այն գույքը, որը եռամյա ժամկետի ընթացքում ուսումնասիրության առարկա է դարձել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում, սակայն իրավասու մարմինն օբյեկտիվ պատճառներով դրա վերաբերյալ պահանջ չի ներկայացրել դատարան, ապա նախնական դատական նիստի ընթացքում՝ մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացվելը, կարող է հայցի հիմքի և առարկայի փոփոխության շրջանակներում ավելացնել իր պահանջը՝ ցույց տալով այն օբյեկտիվ պատճառները, որոնցով պայմանավորված ներկայացվում է նման միջնորդությունը, իսկ նման պատճառներ ցույց չտալու դեպքում միջնորդությունն ենթակա է մերժման:

 

   Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` http://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/anticoruption-civil-cases/4205

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: