20.12.2023

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՁԵՎ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ

  Այլևս միջազգայնորեն ճանաչված իրողություն է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի գործիքակազմ մշակելը կենսական անհրաժեշտություն է յուրաքանչյուր պետության հասարակության, տնտեսության և առհասարակ ազգի զարգացման համար: Կոռուպցիան խաթարում է սոցիալական համախմբվածությունը, խարխլում է տնտեսական և քաղաքական կյանքում լայն մասնակցության հիմքերը՝ խեղաթյուրելով ռեսուրսների բաշխման և հանրային ծառայությունների մատուցման գործընթացները: Այն կործանարար է իրավունքի գերակայության հիմնարար արժեքի երաշխավորման համար:

  Գաղտնիք չէ, որ քրեական հետապնդումը կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գործիքն է։ Կոռուպցիոն հանցագործությունները քննելու արդյունավետ քրեադատավարական գործիքակազմի առկայությունը և պատժի անխուսափելիությունը հակակոռուպցիոն քաղաքականության կարևորագույն տարրեր են: Միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ կոռուպցիոն հանցագործությունների հիմնական շարժառիթը ֆինանսական շահն է։ Որպես կանոն, ենթադրյալ հանցանք կատարած անձինք փորձում են օրինականացնել (լվացնել) կոռուպցիոն հանցագործություններից ստացված եկամուտները՝ թաքցնելու համար դրանց ծագման աղբյուրը: Այդ իսկ պատճառով, կոռուպցիայի և դրանից ստացված եկամուտների լվացման դեմ պայքարի ռազմավարության կարևորագույն գործիքներից է կոռուպցիոն հանցագործություններից ստացված եկամուտների հայտնաբերմանը, սառեցմանը և առգրավմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների առկայությունը: Վաղուց միջազգայնորեն հաստատված փաստ է, որ կոռուպցիոն հանցագործությունների շարունակական աճի տեմպերին հակազդելու համար ավանդական քրեական գործիքակազմի հետ մեկտեղ անհրաժեշտություն է դարձել հանցավոր գործունեության պտուղներից զրկելու մեխանիզմների ներմուծումը, քանի որ անգամ ազատազրկման ձևով պատժի կրումից հետո, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները շարունակում են անձի համար հասանելի լինել:

  1988 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան, որպես առաջամարտիկ, ներմուծեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար առգրավման մեխանիզմը՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով բռնագրավման գործիկազմը ընդլայնելու և այն կոռուպցիոն հանցագործությունների վրա ևս տարածելու համար: Ընդ որում՝ դա նախ՝ արվեց սահմանափակ ձևով ՄԱԿ-ի Անդրազգային և կազմակերպված հանցավորության մասին կոնվենցիայում, իսկ հետո 2003 թվականին՝ ավելի համապարփակ՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայում:

  Պետք է նշել, որ թեև վերոնշյալ միջազգային փաստաթղթերն ակտիվների վերականգնման հարցում կենտրոնացած էին դատապարտումից հետո բռնագրավման վրա, այդուհանդերձ, Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան արդեն իսկ կոչ էր անում անդամ պետություններին քննարկել այնպիսի միջոցներ նախատեսելու հարցը, որոնք կարող են անհրաժեշտ լինել դատապարտման վրա չհիմնված՝ գույքի քաղաքացիական բռնագանձման համար, երբ անձի դատապարտումը մահվան, պատասխանատվությունից խուսափելու կամ այլ պատճառներով հնարավոր չէ:

  Այսօր ապօրինի ակտիվների քաղաքացիական բռնագանձումը միջազգայնորեն դարձել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմ՝ որպես այլընտրանք քրեական բռնագանձմանը:

  Կոռուպցիայի դեմ իրապես արդյունավետ պայքարը ենթադրում է անհրաժեշտ օրենսդրական դաշտի ձևավորում և գործնականում դրա լավագույնս կիրառությունը երաշխավորող ինստիտուցիոնալ համակարգերի ներմուծում:

  Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ շարունակական պայքարի համատեքստում մշակված ռազմավարական փաստաթղթերում որպես առանցքային ուղղություն մշատապես ընդգծվել է համապատասխան ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը: Ուստի պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ նախանշված ծրագրային քայլերից մեկը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի ներդրումն էր և հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծումը:

  Հայաստանի Հանրապետությունը, հաստատապես ձևակերպելով կոռուպցիայի դեմ պայքարի կամք և վճռականություն, 2020 թվականին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, իրավական նախադրյալ ստեղծեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բռնագանձման ինստիտուտի ներդրման համար: Իսկ այն կյանքում կենսագործելու ինստիտուտիցիոնալ երաշխիքներից էր 2022 թվականին հակակոռուպցիոն մասնագիտացված եռաստիճան դատական համակարգի ձևավորումը՝ ապահովելով միասնական կոնսոլիդացված մոտեցում՝ կոռուպցիայի դեմ հետևողական և արդյունավետ պայքար ծավալելու համար։

  Քաղաքացիական բռնագանձման ինստիտուտը նորույթ է ՀՀ արդարադատության համակարգի համար, ուստի հայրենական և միջազգային լավագույն մասնագետների ներգրավմամբ մշակված և այսօր մեր բոլորի դատին հանձնված աշխատությունն իրապես անգնահատելի նշանակություն կարող է ունենալ տեսական և գործնական նշանակություն ունեցող խնդիրների լուծման, միջազգային չափանիշների հաշվառմամբ՝ պրակտիկան ճիշտ հունով ուղղորդելու համար՝ թույլ տալով գործնականում լավագույնս իրացնել այս ինստիտուտի առջև դրված նպատակները:

  Ամփոփելով՝  կարելի է փաստել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ հրատարակված այս ձեռնարկն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ առաջին անգամ հայրենական և միջազգային պրակտիկ ու տեսաբան մասնագետների, գործող դատավորների և գիտնականների ներգրավմամբ, միջազգային լավագույն փորձի և չափանիշների լույսի ներքո, վերլուծվել են ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաղացիական բռնագանձնման ինստիտուտի մինչդատական փուլին առնչվող հայրենական օրենսդրական կարգավորումները, դրանց առնչությամբ առկա խնդիրներն ու հնարավոր լուծման ուղիները:

  Շնորհավորում եմ լույսընծայված աշխատության հեղինակային խմբի անդամներին և մաղթում եմ մասնագիտական ու ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:

  ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ,

  ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ,

  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ

  ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.