ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԶԵՆՔԻ ԿԱՄ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԿԱՄ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ԱՌԱՐԿԱՅԻ ԿԱՄ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՄԲ ՄԱՐԴՈՒՆ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒ ՈՐԱԿՅԱԼ ՀԱՏԿԱՆԻՇԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Վճռաբեկ դատարանը 2025 թվականի հուլիսի 7-ի թիվ ԵԴ/1157/01/19 որոշմամբ, համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ գործող և նախկին քրեական օրենսգրքերը, արձանագրել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի բազմաթիվ հանցակազմերում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված՝ հանցանքը որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարելու որակյալ հատկանիշն էական բովանդակային փոփոխության է ենթարկվել։ Մասնավորապես, ՀՀ գործող քրեական օրենսդրության շրջանակներում կարևորվել է առարկայի կամ միջոցի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված լինելու հանգամանքը։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսդրության շրջանակներում որպես հանցակազմը ծանրացնող հանգամանք դիտարկելով կոնկրետ հանցանքը մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելը, ի համեմատություն ՀՀ նախկին քրեական օրենսդրության, նեղացրել է վերոնշյալ որակյալ հանգամանքի բովանդակությունը։ Մասնավորապես, եթե նախկինում արարքը ծանրացնող հանգամանքով որակելու համար ինքնին բավարար էր որպես զենք օգտագործվող առարկաների գործադրման փաստը, ապա կատարված փոփոխության պայմաններում, անհրաժեշտ է ոչ միայն հավաստել անձի կողմից համապատասխան առարկան կամ միջոցը գործադրելու, այլև դրանք մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստելու կամ հարմարեցնելու հանգամանքը։
Վճռաբեկ դատարաննս իրավական դիրքորոշում է արտահայտվել առ այն, որ որակյալ է համարվում ոչ թե առարկայի կամ միջոցի պարզապես օգտագործումը, այլ մարմնական վնասվածք պատճառելու համար որոշակի նախապատրաստական գործողությունների իրականացումը, այն է՝ առարկան կամ միջոցը նախապես պատրաստելը կամ հարմարեցնելը։ Այլ կերպ՝ արարքը քննարկվող ծանրացնող հանգամանքով որակելու համար, անհրաժեշտ է նախևառաջ ուշադրություն դարձնել հանցավորի սուբյեկտիվ ընկալմանը և վերջինիս կողմից օբյեկտիվորեն իրականացված գործողությունների բնույթին։
Մասնավորապես, վերոնշյալ որակյալ հանգամանքն անձին մեղսագրելու համար, կարևոր է, որ վերջինս մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես որոշակի ակտիվ գործողություններ իրականացնի, այն է՝ պատրաստի կամ հարմարեցնի համապատասխան առարկան կամ միջոցը։ Հաշվի առնելով «պատրաստել» կամ «հարմարեցնել» արտահայտությունների լեզվաբացատրական նշանակությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ առկա դոկտրինալ մեկնաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առարկան կամ միջոցը պատրաստել ասելով պետք է հասկանալ ցանկացած գործողություն, որի արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու համար պատրաստի առարկա կամ միջոց է ստացվում կամ ստեղծվում։ Ինչ վերաբերում է առարկան կամ միջոցը հարմարեցնելուն, ապա այն ենթադրում է հանցավորի կողմից արդեն իսկ գոյություն ունեցող առարկայի կամ միջոցի նկատմամբ որևէ ներգործության իրականացում՝ լրիվ կամ մասնակի կառուցվածքային փոփոխության ենթարկում, կարգավորում կամ ձևափոխում, որպեսզի դրանք առավել արդյունավետ կամ հարմար լինեն օգտագործման համար (օրինակ՝ մետաղյա ձողը կամ խոհանոցային դանակը սրելը, մետաղական մալուխը ընդհանուր զանգվածից կտրելով առանձնացնելը և այլն)։
Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված որակյալ տեսակն անձին մեղսագրելու համար անհրաժեշտ է հաստատված համարել, որ առևանգումը կատարվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։
Որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ՝ https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2933
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.