21.04.2022

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ՝ ԸՍՏ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

 2022 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Վճռաբեկ դատարանի դատավորները մասնակցել են ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 30-ի՝ «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման վերաբերյալ կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի կողմից։

Կլոր սեղան-քննարկման շրջանակներում հանդես գալով ելույթով, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը, փաստելով խնդրո առարկա հարցի կարևորությունը, նշել է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը, իր գործունեության հատկապես վերջին տարիների ընթացքում, ուշադրության առանցքում է կենտրոնացրել ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովումը՝ այն հաշվառմամբ, որ արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության աստիճանն ուղիղ համեմատական է ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի ապահովման աստիճանի նկատմամբ։ Այդ պատճառով էլ այս իրավունքը դատաքննության արդարության գնահատման առաջնային գործիքն է, որն էլ հիմք է հանդիսացել միջազգային իրավական համայնքի և միջազգային կառույցների կողմից «ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» կարգախոսը որդեգրելուն։ Հենց այդ կարգախոսի հիման վրա, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, որպես Հայաստանի Հանրապետության քրեական արդարադատության համակարգում օրենքի միատեսակ կիրառության ապահովման ու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացման բացառիկ իրավասությունը կրող մարմին, Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի վերաբերյալ գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին կայացված որոշմամբ սահմանել է չափանիշներ՝ ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի ապահովման համար։ Ընդ որում, հատկանշական է, որ այդ գործով Վճռաբեկ դատարանն առաջին անգամ արձանագրել է տուժողի իրավահաջորդի՝ ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի խախտման փաստը։

Լ․Թադևոսյանը փաստել է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի գործունեության ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքում վաղուց արդեն հասունացել էր պահը՝ նախադեպային իրավունքի մակարդակով սահմանելու հստակ չափանիշներ՝ գործի քննության ողջամտությունը գնահատելու համար, որոնք 2019 թվականից ի վեր ուղենիշային են դարձել հայրենական դատական համակարգի համար։ Այս առումով կարևոր է այդպիսի չափանիշների իրավական որոշակիացումը՝ կոնկրետ ժամկետների ամրագրմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում դատարանների բնականոն գործունեության ապահովման պատասխանատվությունը կրող Բարձրագույն դատական խորհրդի կողմից։ 2021 թվականի օգոտոսի 31-ի որոշմամբ ԲԴԽ-ի կողմից, ըստ գործերի տեսակի և բարդության, սահմանված գործակիցները և գնահատման չափորոշիչները Վճռաբեկ դատարանի արտահայտած նախադեպային մոտեցումների հաշվառմամբ ուղղված են կանխատեսելի արդարադատության զարգացմանը։

Վճռաբեկ դատարանի նախագահը նաև նշել է, որ ներկայումս ընթացող դատաիրավական բարեփոխումների շրջանակներում դատավորների թվաքանակի ավելացման պայմաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվում մեր երկրում, ինչը ևս կազմում է կանխատեսելի արդարադատության զարգացման գրավականը։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: