16.10.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԱՔԴ/2014/02/17 քաղաքացիական գործով, Մարտին Վարդանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի շրջանակներում անդրադառնալով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով անձանց պատճառված վնասի չափի որոշման արտադատական ընթացակարգերին և փորձաքննության արդյունքները դատական կարգով վիճարկելու իրավական հնարավորությանը, վերահաստատելով ապահովագրական հարաբերությունները կարգավորող իրավանորմերի կապակցությամբ արտահայտած դիրքորոշումները, արձանագրել է, որ օրենսդիրը պատճառված վնասի չափի որոշման առումով սահմանելով որոշակի ընթացակարգ, միևնույն ժամանակ որոշակի սահմանափակումներ է կիրառել վերը նշված օրենքի իմաստով պատճառված վնասի չափը դատական կարգով որոշելու համար՝ դրա որոշման եղանակներն առավելապես նախատեսելով արտադատական կարգով, իսկ այդ վնասի չափի որոշման համար դատական կարգ սահմանել է բացառապես այն դեպքի համար, երբ արտադատական կարգով արդեն իսկ առկա է կրկնակի փորձաքննության եզրակացություն, որի արդյունքների հետ որևէ մեկն անհամաձայնություն ունի, և անհրաժեշտ է կրկնակի փորձաքննության արդյունքները բողոքարկել դատական կարգով։

  Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման իրավակարգավորում նախատեսելու արդյունքում, ըստ էության, չի խախտվում անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, ու անձը չի զրկվում այդ իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը, քանի որ սահմանելով նման իրավակարգավորում՝ օրենսդիրը նաև հետապնդել է իրավաչափ նպատակ՝ ողջամիտ հարաբերակցություն պահպանելով ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: