24.01.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

 2023 թվականի հունվարի 24-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի իրավական ծրագրի ներկայացուցիչներին` ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի «Արդարադատության ոլորտի աջակցություն ծրագրի» տնօրեն Մարկ Լասսմանին, ԱՄՆ միջազգային զարգացման առաքելության հայաստանյան գրասենյակի «Արդարադատության ոլորտի աջակցություն ծրագրի» տնօրենի տեղակալ Նարինե Գասպարյանին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության «Արդարադատության ոլորտի աջակցություն ծրագրի» խորհրդական Արմենակ Մինասյանցին:

  Իր ողջույնի խոսքում Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ իրավունքի զարգացման գործառույթի շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես կարևորել է միջազգային լավագույն փորձի ու առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործման ապահովումն ազգային իրավական համակարգում և այդ նպատակով փոխգործակցությունը միջազգային կառույցների հետ։

 ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի «Արդարադատության ոլորտի աջակցություն ծրագրի» տնօրեն Մ.Լասսմանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նույնպես կարևորել է համագործակցության ամրապնդումը՝ ներկայացնելով ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության նոր հնգամյա իրավական ծրագիրը, որը միտված է լինելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգի ձևավորմանն աջակցելուն, ինչպես նաև իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահության մակարդակը բարձրացնելուն: 

 Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատաիրավական ոլորտի խնդիրներին, դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, այս ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը և տարբեր ուղղություններով ամերիկյան գործընկերների հետ ունեցած համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերին:

 Խորհրդակցության ավարտին կողմերն ընդգծել են ապագայում համագործակցության նոր ուղիների մշակման և համատեղ ծրագրերի իրագործման կարևորությունը ու վերահաստատել համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: