22.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԼԻԼՅԱ ԳՐԵՏԱՐՍԴՈՏՏԻՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

  2026 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Արդարադատության բարեփոխումների հարցերով խորհրդական Լիլիթ Դանեղյանին։

  Հանդիպմանը մասնակցել են նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանն ու Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահին փոխարինող, նույն պալատի դատավոր Արման Թովմասյանը։

  Ողջունելով հյուրերին՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լ.Թադևոսյանն ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանը, կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման,  ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, Եվրոպայի խորհրդի հետ ձևավորել է ամուր փոխգործակցային հարաբերություններ, որոնց արդյունքում, ՀՀ Վճռաբեկ դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համատեղ ջանքերով, իրականացվել են արդարադատության արդյունավետությանը և կանխատեսելիությանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ։

  Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծեց, որ բարձրագույն դատական ատյանը բարձր է գնահատում նաև համագործակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ կարևորելով միջազգային դատարանի կողմից ձևավորած նախադեպային իրավունքի դերը հայրենական իրավունքի զարգացման և ազգային իրավական համակարգում միջազգային առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործման գործում։

  Լիլյա Գրետարսդոտտիրն իր հերթին նշեց, որ Եվրոպայի խորհրդի հետ Վճռաբեկ դատարանի համագործակցությունը բացառիկ բնույթ է կրում և արդեն իսկ նշանավորվել է մի շարք հաջողված ծրագրերով՝ միաժամանակ վերահաստատելով աջակցությունն այն նախաձեռնություններին, որոնք բխում են Վճռաբեկ դատարանի առաջնահերթություններից և կարիքներից։

  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Եվրոպայի խորհրդի և Վճռաբեկ դատարանի միջև համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղությունները, ինչպես նաև արդարադատության արդյունավետության բարձրացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.