ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԼԻԼՅԱ ԳՐԵՏԱՐՍԴՈՏՏԻՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
2026 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Արդարադատության բարեփոխումների հարցերով խորհրդական Լիլիթ Դանեղյանին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանն ու Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահին փոխարինող, նույն պալատի դատավոր Արման Թովմասյանը։
Ողջունելով հյուրերին՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լ.Թադևոսյանն ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանը, կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, Եվրոպայի խորհրդի հետ ձևավորել է ամուր փոխգործակցային հարաբերություններ, որոնց արդյունքում, ՀՀ Վճռաբեկ դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համատեղ ջանքերով, իրականացվել են արդարադատության արդյունավետությանը և կանխատեսելիությանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ։
Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծեց, որ բարձրագույն դատական ատյանը բարձր է գնահատում նաև համագործակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ կարևորելով միջազգային դատարանի կողմից ձևավորած նախադեպային իրավունքի դերը հայրենական իրավունքի զարգացման և ազգային իրավական համակարգում միջազգային առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործման գործում։
Լիլյա Գրետարսդոտտիրն իր հերթին նշեց, որ Եվրոպայի խորհրդի հետ Վճռաբեկ դատարանի համագործակցությունը բացառիկ բնույթ է կրում և արդեն իսկ նշանավորվել է մի շարք հաջողված ծրագրերով՝ միաժամանակ վերահաստատելով աջակցությունն այն նախաձեռնություններին, որոնք բխում են Վճռաբեկ դատարանի առաջնահերթություններից և կարիքներից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Եվրոպայի խորհրդի և Վճռաբեկ դատարանի միջև համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղությունները, ինչպես նաև արդարադատության արդյունավետության բարձրացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".