ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Դավիթ Մհերի Խաչատուրյան

Ծնվել է 1975 թվականին Երևան քաղաքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1992 թվականին ավարտել է Երևանի թիվ 128 ռուսական միջնակարգ դպրոցը:

1997 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Նույն թվականին՝ ընդունվել առկա ուսուցմամբ ասպիրանտուրան՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում։

2000 թվականին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Դատավորների անկախությունը Հայաստանի Հանրապետությունում․ դատարանակազմական և քրեադատավարական երաշխիքներ» թեմայով (“Независимость судей в Республике Армения: судоустройственные и уголовно-процессуальные гарантии”) և նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2000 - 2005 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ ՀՀ դատարանների նախագահների խորհրդում (ԴՆԽ)՝ որպես ՀՀ Դատական ուսումնական կենտրոնի խորհրդատու (2000-2003թթ.), ապա (2003 թվականից)՝ ԴՆԽ ավագ խորհրդատու, իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ (2005 թվականին): Նաև համակարգել է դատական իշխանության միջազգային հարաբերություններին առնչվող հարցերը, մշակել է ՀՀ դատական համակարգի հակակոռուպցիոն ծրագիրը և համակարգել դրա կատարման գործընթացի մշտադիտարկումը, ինտերնետային էջի (www.armenian-judiciary.am) ստեղծումը և Վճռաբեկ դատարանի որոշումների առաջին հրապարակումները։

 

2001 - 2002 թվականներին աշխատել է Տեղեկատվության ազատության կենտրոնի իրավաբան-փորձագետ:

 

2004 թվականին դասավանդել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում (“Մեղադրյալը և պաշտպանը քրեական դատավարությունում”, “Նախաքննության հիմնախնդիրները” հատուկ դասընթացներ):

 

2003 - 2006 թվականներին աշխատել է որպես Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի կողմից իրականացվող Հարավային Կովկասում թմրամիջոցների դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրի Հայաստանում իրավական օժանդակության ծրագրի ղեկավար։

 

2006 - 2013 թվականներին աշխատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ 2006 թվականի ընթացքում՝ որպես ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի օգնական, իսկ 2007-2013 թվականներին՝ որպես ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավական հարցերով մասնագետ:

 

2008 - 2013 թվականներին դասավանդել է «ՀՀ դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում:

2014 թվականին (հունվար-դեկտեմբեր) աշխատել է որպես ՀՀ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, դասախոս: Մշակել և դասավանդել է՝ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավաբանության հիմունքներն ու արդի միտումները», «ՄԻԵԴ նախադեպային իրավունքի արդի հարցերը քրեական գործերով» և «Իրավունքի դատական զարգացման արդի հարցերը» դասընթացները դատավորների և դատախազների թեկնածուների, ինչպես նաև գործող դատավորների և դատախազների համար:

 

2015 թվականի հունիս ամսից մինչև 2016 թվականի դեկտեմբեր աշխատել է որպես Եվրոպայի Խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի իրավաբան փորձագետ:

 

2016 թվականին աշխատել է որպես ԵՄ «Զարգացման և ռազմավարական հետազոտություններ» ծրագրի դատական իշխանության և մարդու իրավունքների ոլորտային բարեփոխումների փորձագետ:

 

2015 - 2017 թվականներին աշխատել է որպես ԵՄ ««Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի և Եվրոպական հարևանության ներքո ՀՀ պարտավորությունների կատարման մշտադիտարկման ծրագրի» իրավունքի գերակայության և դատական իշխանության հարցերի փորձագետ:

 

2016 թվականից մինչ 2021 թվականի հունվար ամիսը եղել է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ:

 

2017 թվականին դասավանդել է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Դատական ակտերի բողոքարկումը» դասընթաց):

 

2013 - 2020 թվականներին ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում մշակել և դասավանդել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափորոշիչները քրեական դատավարությունում» և «Իրավաբանի մասնագիտական հմտություններ» դասընթացները (մագիստրատուրայի ուսումնական ծրագիր):

 

2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2023 թվականի հոկտեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: 

 

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հեղինակ է երեսունից ավելի գիտական հրապարակումների, այդ թվում՝ չորս մենագրության, այդ թվում՝

 

«Դատավորի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում» (համահեղինակությամբ, 2002թ․ Երևան, 290 էջ)

 

 

«Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում․ ուղեցույց դատավորների, դատախազների, քննիչների և փաստաբանների համար» (2005թ․ Երևան, 96 էջ)

 

«Քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելը» (2007թ․ Երևան, 100 էջ)

 

«Դատախազության և նախաքննության ու հետաքննության մարմինների ինքնուրույնության, հաշվետվողականության և արդյունավետության ապահովումը Հայաստանի Հանրապետությունում» (2020թ․ Երևան, 300 էջ) գրքերը:

 

Մասնակցել է մի քանի տասնյակ վերապատրաստումների, գիտական և գործնական համաժողովների տարբեր երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Ալբանիա և այլն), այդ թվում՝

 

«Պաշտոնեական կոռուպցիայի քննությունն ու քրեական հետապնդումը» թեմայով վերապատրաստման դասընթացը ԱՄՆ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավական նախաձեռնության ինստիտուտում (CEELI Institute), 2019թ. ապրիլի 8-12, Պրահա, Չեխիա

 

Պաշտպանության միջազգային կենտրոնի կողմից (Centre de la protection internationale) «Ռուսաստանի և ԱՊՀ երկրների իրավաբանների համար Մարդու իրավունքների միջազգային իրավունքի հարցերով» վերապատրաստման դասընթաց, 2017թ. հոկտեմբերի 15-21, Ստրասբուրգ, Ֆրանսիա

 

ԵԽ «ՄԻԵԿ-ի և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը» ծրագրի շրջանակներում ուսումնական այց, 2014թ., Ստրասբուրգ, Ֆրանսիա

 

«Դատավորների անկախությունն և պատասխանատվությունը» թեմայով տարածաշրջանային համաժողով Հարավային Կովկասի դատավորների, դատախազների և իրավաբան մասնագետների համար (ՀՀ պատվիրակության խոսնակ), 2005թ., Թբիլիսի, Վրաստան:

 

Բացի այդ, փորձագետի կարգավիճակով Դ.Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի դատաիրավական համակարգում առկա խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների տեսակետից՝ հրապարակային ելույթներ ունենալով տարբեր հարթակներում, այդ թվում՝

 

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նիստը (2016թ., Ժնև, Շվեյցարիա)

 

Միջազգային խաղաղության Կարնեգիի կենտրոնը (2011թ., Վաշինգտոն, ԱՄՆ)

 

Եվրոպական Հանձնաժողով և ԵՄ այլ կառույցներ (2012-2013թթ., 2015-2018թ., Բրյուսել, Բելգիա) և այլն:

 

Թարգմանչի մակարդակով տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին (պայմանագրային հիմունքներով իրավական թեմաներով 2015-2020թթ. համաժամանակյա թարգմանության ծառայություններ է մատուցել Եվրոպայի Խորհրդին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, այլ կազմակերպություններին):

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: