09.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ՆՅՈՒ ԲՐԱՆՍՎԻԿ ՆԱՀԱՆԳԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐԿ ՌԻՉԱՐԴԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

  Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, 2025 թվականի հոկտեմբերի 3-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանում ընդունել է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Նոր Շոտլանդիա նահանգի վերաքննիչ դատարանի դատավոր Քերոլ Բիթոնը, Կանադայի արդարադատության կառավարման ինստիտուտի գործադիր տնօրեն Քրիստին Օ’Դոհերթին և Կանադայի դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի միջազգային ծրագրերի տնօրեն Օլեգ Շակովը:

  Հանդիպմանը մասնակցել են Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը և հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը։ 

  Քննարկման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը ներկայացրել  է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությունը, կառուցվածքը, գործառույթները։ Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել  է նաև Հայաստանի Հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումներին և ընդգծել, որ այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը կարևորում է այլ երկրների բարձրագույն դատական ատյանների և միջազգային գործընկերների հետ կառուցողական համագործակցությունը, փորձի արդյունավետ փոխանակումն ու  այդ ուղղությամբ նոր մեխանիզմների մշակումը։

  Վճռաբեկ դատարանի նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև դատական համակարգի թվայնացման ոլորտում ընթացող բարեփոխումներին՝ ընդգծելով էլեկտրոնային արդարադատության գործիքների կատարելագործման և դրանց արդյունավետ կիրառման կարևորությունը, այդ համատեքստում անձնական տվյալների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը, արդարադատության թվայնացմանը զուգընթաց ծագող մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները։

  Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդը ներկայացրել է կանադական փորձն ու դատական համակարգի առանձնահատկությունները, կառուցվածքն ու գործունեության հիմնական ուղղությունները։

  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրներում անչափահասների արդարադատության առանձնահատկությունները, թմրամիջոցների դեմ պայքարի հիմնախնդիրները, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".