10.06.2025

ՀԱՅԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

  Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ շարունակական համագործակցության շրջանակներում, սույն թվականի մայիսի 26-ին և 27-ին անցկացվել է աշխատաժողով՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հիմնական զարգացումները և լավագույն պրակտիկան ՄԻԵԿ-ի 6-րդ, 8-րդ և 46-րդ հոդվածների շրջանակում» խորագրով։ Աշխատաժողովին մասնակցել են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քլեր Օվեյը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը, Վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների նախագահները, Վճռաբեկ դատարանի դատավորներ, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

  Համաժողովի ընթացքում հանդես գալով ողջույնի խոսքով, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծեց, որ այս միջոցառումը կարևոր է՝ ինչպես Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը խորացնելու, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու առումով: Վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ այս նախաձեռնությունը մասնագիտական երկխոսության օգտակար հարթակ է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումներին ծանոթանալու և գործնականում հանդիպող խնդիրները վերհանելու համար։

  Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանն ունի կարևոր դերակատարություն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների հնարավոր խախտումները կանխարգելելու հարցում, իսկ միջազգային դատարանի վճիռների կատարման գործընթացը Վճռաբեկ դատարանի ամենօրյա գործունեության ուշադրության առանցքում է։

  Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քլեր Օվեյն իր խոսքում ընդգծեց, որ արդյունավետ է համարում համագործակցությունը Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի միջև՝ նշելով, որ ձեռք բերված առաջընթացը հնարավոր չէր լինի առանց վերջիններիս ակտիվ ներգրավվածության և նվիրվածության:

 Աշխատաժողովի ընթացքում քննարկման առարկա են դարձել էլեկտրոնային սարքերի աշխատանքի նկատմամբ միջամտությանը, հաղորդակցությունների գաղտնալսմանը, խուզարկությունների և ինքնամեղադրական բնույթի ցուցմունք չտալու իրավունքին, երրորդ անձանցից տվյալների ձեռքբերմանը, ապացույցների թույլատրելիությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը և այդ հիմքով գործերի վերաբացմանն առնչվող հարցեր։

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".