01.12.2021

THE CRIMINAL CHAMBER OF THE COURT OF CASSATION APPLIED TO THE CONSTITUTIONAL COURT

 Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի նոյեմբերի 26-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու մասին՝ բարձրացնելով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նոր հանրորեն վտանգավոր հետևանքների վրա հասնելու դեպքում դրանք որպես նոր հանգամանք դիտարկելու իրավական հնարավորության բացակայության սահմանադրականության խնդիրը:

 

Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, արտասահմանյան փորձին, հայրենական և միջազգային ակադեմիական և «փափուկ իրավունքի» աղբյուրներին, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ նոր և նոր երևան եկած հանգամանքներն սահմանազատվել են օրենսդրի կողմից և չեն կարող նույնացվել, նախկինում գոյություն չունեցած և իր բնույթով նոր հանգամանքը չի կարող մեխանիկորեն դիտարկվել որպես նոր երևան եկած հանգամանք և հակառակը: Վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նոր հանրորեն վտանգավոր հետևանքների վրա հասնելը, որոնք կարող են հիմք հանդիսանալ անձին ավելի ծանր հանցանք մեղսագրելու համար, չեն կարող դատական մեկնաբանության միջոցով «տեղավորվել» դատական ակտի վերանայման նոր երևան եկած հանգամանքների ոչ սպառիչ ցանկում, քանի որ կխաթարվի նոր և նոր երևան եկած հանգամանքների տարբերակման ողջ էությունն ու տրամաբանությունը՝ նախատեսված ոչ միայն հայրենական, այլ նաև միջազգային մակարդակով: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հաշվի է առել նաև այն, որ բարձրացված խնդիրը ՀՀ քրեական դատավարության ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ մարտահրավերներից է, քանի որ նախատեսված չէ նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում:

 

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը միջնորդել է Սահմանադրական դատարանին որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանության հարցը ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների պահանջներին՝ հաշվի առնելով, որ առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքի, սոցիալական արդարության վերականգնման և հատուցում ստանալու իրավունքի իրացման անհաղթահարելի խոչընդոտ, ինչպես նաև հանգեցնում հիմնական իրավունքները կարգավորելիս օրենքով դրանց իրականացման կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսելու, Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական պահանջների խախտման:

 

Վճռաբեկ դատարանի որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".