01.02.2024

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ

  Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի շարունակական համագործակցության շրջանակներում, սույն թվականի հունվարի 24-ից 25-ը կազմակերպվել է ներպետական մակարդակում գործերի վերաբացմանը նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են Վճռաբեկ դատարանի դատավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները։

  Հանդիպման ընթացքում հանդես գալով ողջույնի խոսքով, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը, կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործում, սերտ և համընդգրկուն փոխգործակցություն է ծավալում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ, որի շրջանակներում արդյունավետորեն կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր։  

  Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիոն համակարգի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է միջազգային դատարանի վճիռների կատարման մակարդակով։ Միջազգային դատարանի վճիռների կատարման գործընթացը Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի ամենօրյա գործունեության ուշադրության առանցքում է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորվող իրավական պաշտպանության արժեքներն ինտեգրվում են անդամ պետությունների իրավական համակարգերում բարձրագույն դատական ատյանների իրավական դիրքորոշումներով, որպիսի գործառույթի իրականացումը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքի՝ Սահմանադրության մակարդակով, վերապահված է Վճռաբեկ դատարանին։ Վճռաբեկ դատարանն ունի նաև կարևոր կանխարգելիչ դեր, ինչը բխում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները բացառելու վերջինիս սահմանադրական գործառույթից, և նպաստում է սուբսիդիար բնույթ ունեցող միջազգային դատարանի կողմից ապագայում արձանագրվող հնարավոր խախտումների դեպքերի նվազեցմանը։ Որդեգրված մոտեցումը հանդիսանում է ազգային բարձրագույն դատական ատյանի և միջազգային դատարանի համագործակցության զարգացման գրավականը։

  Աշխատաժողովի ընթացքում քննարկման առարկա են դարձել ներպետական մակարդակում գործերի վերաբացման առանձնահատկություններն ու չափանիշները, վերաբացման և փոխհատուցման նշանակությունը՝ որպես restitutio in integrum-ի միջոց, գործերի վերաբացման համատեքստում res judicata, իրավական որոշակիության և մյուս սկզբունքների կիրառության հիմնախնդիրները, գործերի վերաբացումից հետո վճիռների կատարման շրջանակում վարույթի արդյունավետությանն ու գործնականում ծագող խնդիրներին, ինչպես նաև միակողմանի հայտարարության կամ բարեկամական կարգավորման դեպքում գործերի վերաբացմանն առնչվող հարցեր։

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".