20.11.2023

THE COURT OF CASSATION HAS FORMULATED PRECEDENT POSITION REGARDING THE CORRELATION OF CORPUS DELICTI OF SUCH CRIMES AS COVERT THEFT OF PROPERTY WITH ILLEGAL HOME INVASION, AND SOMEONE ELSE'S PROPERTY DESTRUCTION OR DAMAGE

  Վճռաբեկ դատարանը, 2023 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՍԴ/0129/01/20 որոշմամբ, օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու իր գործառույթի իրացման շրջանակներում, անդրադառնալով բնակարան ապօրինի մուտք գործելով գողության և ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու հանցակազմերի համակցման հիմնախնդրին, ընդգծել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված գողության հանցակազմը՝ ընդհանրապես, և դրա որակյալ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով տեսակը` մասնավորապես, չեն բովանդակում այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հանցանքն ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով կատարելը, այլ կերպ՝ վերոնշյալ եղանակն ընդգրկված չէ գողության հանցակազմի դիսպոզիցիայում, դրա շրջանակներից դուրս է, ուստի չի կարող դիտարկվել որպես գողության բաղկացուցիչ մաս և կլանվել նշված հանցակազմում։ Ուստի, եթե բնակարան ապօրինի մուտք գործելով գողությունը զուգորդվել է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, որն իր մեջ պարունակում է տվյալ հանցակազմի բոլոր հատկանիշները, կատարվածն անհրաժեշտ է որակել հանցագործությունների համակցության կանոններով։

  Նույն հիմնախնդիրը քննարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի համատեքստում, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ գույքի ոչնչացումը կամ վնասումն ընդգրկվել են գողության հանցակազմում, դարձել դրա որակյալ տեսակի բաղկացուցիչ մասը, արձանագրել է, որ եթե բնակարան ապօրինի մուտք գործելով գողությունը զուգորդվում է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, որն իր մեջ պարունակում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշները, ապա գույքի ոչնչացումը կամ վնասումն ինքնուրույն քրեաիրավական գնահատական չի պահանջում և կատարվածը պետք է որակվի միայն 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Մինչդեռ, եթե կատարվածն իր մեջ պարունակում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված որևէ ծանրացնող հանգամանք, ապա հանցանքները պետք է որակվեն համակցության կանոններով, քանի որ դրանց դեպքում, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի համեմատ, ավելի խիստ պատիժ է նախատեսված։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2194

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".