28.07.2023

THE RA COURT OF CASSATION FORMED A PRECEDENT DECISION ON PERMISSIBILITY CRITERIA FOR SEARCH AND SEIZURE IN A HOUSE

  Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ անձի բնակարանում խուզարկություն կատարելու հանկարծակիությունը՝ գործի քննության մասին անձի տեղեկացվածության համատեքստում, խուզարկության իրավաչափությունը գնահատելու չափանիշ չէ, քանի որ, նախ՝ ենթադրյալ հանցանք կատարած անձը տարբեր աղբյուրներից կարող է տեղեկանալ քրեական գործի հարուցման և քննության մասին, երկրորդ՝ այդ անձը քրեական գործի հարուցման և քննության մասին տեղեկացված չլինելու պայմաններում անգամ կարող է կանխատեսել քրեական գործ հարուցված լինելու հավանականությունը: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բնակարանում խուզարկություն կատարելու միջնորդությունը մերժելու հիմքում չեն կարող դրվել այդ քննչական գործողության հանկարծակիությունը և արդյունավետությունը կասկածի տակ առնող այս կամ այն հանգամանքը (այդ թվում՝ գործի քննության մասին անձի տեղեկացվածությունը), եթե դրանով չի բացառվում բնակարանի խուզարկության կատարմամբ որոնվող օբյեկտները հայտնաբերելու ողջամիտ հավանականությունը (չի չեզոքացվում խուզարկության կատարման փաստական հիմքը)։ Հետևաբար բնակարանի խուզարկության հանկարծակիության և արդյունավետության հարցերը դատական ստուգման առարկա կարող են հանդիսանալ միայն այնքանով, որքանով դրանք կոնկրետ դեպքում ունակ կլինեն չեզոքացնելու (իսպառ բացառելու) խուզարկության կատարման արդյունքում որոնվող օբյեկտները հայտնաբերելու ողջամիտ հավանականությունը։

  Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նախաքննության մարմնի կողմից քննարկվող քննչական գործողության կատարմանն ուղղված միջոցներ անհապաղ չձեռնարկելը, այդ թվում` համապատասխան թույլտվություն ստանալու միջնորդությամբ դատարան քրեական գործ հարուցելուց տևական ժամանակ անց դիմելը, չի կարող ինքնին հիմք հանդիսանալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար։ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեև օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի հիման վրա խուզարկությունը դասում է անհետաձգելի քննչական գործողությունների շարքին, սակայն չի բացառում դրա կատարումը քրեական գործի քննության հետագա փուլերում։ Անհապաղությունը որոշվում է՝ ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ որևէ ժամկետ, որի ընթացքում քրեական հետապնդման մարմինները պարտավոր են խուզարկություն կատարելու միջնորդություն ներկայացնել դատարան: Ասվածից հետևում է, որ խուզարկության փաստական հիմքը կազմող տվյալների ձեռք բերման և խուզարկության կատարման ակնկալվող ժամանակի միջև որոշակի ժամանակահատվածի առկայության հանգամանքն ինքնին հիմք չէ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից մերժելու համար, եթե դատարան ներկայացված նյութերը բավարար են հանգելու հետևության, որ բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքը շարունակում է գոյություն ունենալ:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".