ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՊԱՏԺԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը թիվ ԼԴ/0004/12/22 որոշմամբ փաստել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման կանոնի առումով նախկին և գործող քրեական օրենսգրքերում նախատեսվել են տարբերվող կարգավորումներ։ Մասնավորապես՝ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանր հանցագործության համար հինգ տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված անձը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված կարգի պայմաններում, հնարավորություն է ստանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել ոչ թե նշանակված պատժի կեսը, այլ մեկ երրորդը կրելուց հետո։ Հետևաբար, ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման կանոնի առումով դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում։ Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քրեական օրենսգիրքը հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն նախատեսվել է միայն դատվածության մարման ժամկետների դեպքում՝ դատապարտված անձի վիճակը բարելավող մասով։
Հետադարձ ազդեցության հնարավորությունը նախատեսող օրենքի բացակայության դեպքում, պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով։ Այս առումով հատկապես ընդգծվել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածով քրեաիրավական այլ հետևանքների որոշումը ևս պայմանավորվում է արարքի կատարման պահով։ Այլ կերպ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պարտավորեցնում է քրեաիրավական այլ հետևանքները որոշելիս որպես ելակետ ընդունել արարքի կատարման պահին գործող քրեական օրենսդրությունը՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը: Ուստի, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի գործադրման համար պարտադիր պայման հանդիսացող՝ պատժի կրման համապատասխան նվազագույն ժամկետների որոշումը, նույնպես պայմանավորվում է արարքի կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ։
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է և պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման։ Մասնավորապես՝ տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".