13.06.2023

THE ANTI-CORRUPTION CHAMBER OF THE RA COURT OF CASSATION FORMED PRECEDENT DECISIONS ON THE INSTITUTE OF JUDGE'S IMMUNITY, THE EXTENT OF DISCUSSION SUBJECT QUESTIONS DURING THE PREPARATORY STAGE OF A JUDICIAL INVESTIGATION, AND A CRIMINAL CASE RELATED TO

Վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքի միատեսակ կիրառության ապահովման իր սահմանադրական գործառույթը, 2023 թվականի հունիսի 12-ի թիվ ԵԴ/0455/01/20 որոշմամբ իրավական դիրքորոշումներ է արտահայտել դատավորի անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքի և անձի նկատմամբ փաստացի քրեական հետապնդման առկայության դեպքում արդար դատաքննության իրավունքի իրացման դատավարական երաշխիքների հարաբերակցության, դատական քննության նախապատրաստական փուլում քննարկման առարկա հարցերի շրջանակի, ինչպես նաև դատական նիստի պարզ թղթային եղանակով վարվող արձանագրության՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առարկա հանդիսանալու հարցերի առնչությամբ։

Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ անձի նկատմամբ թե՛ ձևական, թե՛ բովանդակային իմաստով քրեական հետապնդման առկայության դեպքում անձի պաշտպանության իրավունքի իրացման համար անհրաժեշտ դատավարական երաշխիքները ապահովում են վերջինիս արդար դատաքննության իրավունքի իրացումը և չեն կարող վերաբերելի լինել դատավորի նկատմամբ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու օրենսդրական պահանջին։ Ընդգծելով նշված երաշխիքների նպատակային տարբերությունը՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե արդար դատաքննության իրավունքի իրացման դատավարական բնույթի երաշխիքները գործի դնելու նպատակը կոնվենցիոն այդ իրավունքի ձևական բնույթը բացառելն է, ապա դատավորի քրեական հետապնդման անձեռնմխելիության երաշխիքի ապահովման նպատակը քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բավարար շեմը հաղթահարող փաստական տվյալների բացակայության պայմաններում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը բացառելն է։

Արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավորի քրեական հետապնդման անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի հիմքում սահմանադրի կողմից դրվել է ոչ թե արդար դատաքննության իրավունքի երաշխիքներն ապահովելու, այլ դատավորի նկատմամբ անհիմն քրեական հետապնդման հարուցումը բացառելու գաղափարը։

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ինչպես 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածով նախատեսված՝ «որպես մեղադրյալ ներգրավել», այնպես էլ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված՝ «քրեական հետապնդում հարուցել» եզրույթներն ինքնավար (ավտոնոմ) նշանակություն չունեն և համապատասխանում են այդ եզրույթների՝ ճյուղային օրենսդրությամբ բացահայտված բովանդակությանը։ Հակառակ մեկնաբանությունը կհանգեցնի փաստացի քրեական հետապնդման մասին վկայող՝ ապացուցողական էապես նվազ շեմ բավարարող իրավաբանական փաստերի առկայության դեպքում դատավորի քրեական հետապնդման անձեռնմխելիությունը հաղթահարելու հնարավորության՝ բացառելով հետագայում ձևական քրեական հետապնդում հարուցելու շեմը հաղթահարված լինելու հարցին իրավասու մարմնի (տվյալ դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի) կողմից գնահատական տալու հնարավորությունը, որպիսի մեկնաբանությունը կիմաստազրկի դատական իշխանության անկախության այդ երաշխիքի դերն ու նշանակությունը։

Անդրադառնալով դատական քննության նախապատրաստական փուլում 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառության հարցին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ առանց գործով ձեռք բերված ապացույցների դատաքննական հետազոտման, դատարանն արարքի նվազ կարևոր լինելու պատճառով հանցագործություն չհամարվելու վերաբերյալ հիմնավոր եզրահանգման չի կարող գալ՝ նկատի ունենալով այդ հարցի որոշման համար անհրաժեշտ հանգամանքների շրջանակը։

Դատական քննության նախապատրաստական փուլում մեղադրանքի ձևակերպումների անորոշ, անհստակ և վերացական լինելու վերաբերյալ գնահատական տալու իրավաչափության հարցի առնչությամբ ևս Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ այդ հարցերի վերաբերյալ դատարանը հիմնավոր եզրահանգման կարող է գալ գործի դատաքննության արդյունքում՝ հնարավորություն տալով մեղադրանքը պաշտպանող դատախազին՝ ներկայացնելու այդ կապակցությամբ իր փաստարկները և դիրքորոշումը։

Դատական նիստի արձանագրության՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկա հանդիսանալու հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատական նիստի պարզ թղթային եղանակով վարվող արձանագրությունն իր բնույթով օժտված է իրավական հետևանքներ առաջացնելու հատկությամբ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին քննարկման առարկա դարձվեն արձանագրության մեջ տեղ գտած տեղեկությունների՝ իրավաբանական նշանակության փաստեր և իրադարձություններ հավաստելու և իրավական հետևանքներ առաջացնելու հանգամանքները։

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".