07.03.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՆՑԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԾԱԳԱԾ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

  Արամ Սուքիասյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0066/06/23 գործով 2024 թվականի մարտի              1-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը զարգացնելով Վճռաբեկ դատարանի՝ Ալբերտ Հովհաննիսյանի գործով 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ «հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի» առկայության դեպքում ձերբակալման հիմքերը հանդիսանում են այն փաստական իրավիճակները, որոնք հիմնավորում են հենց այդ կասկածանքը և դրա հիմնավոր լինելը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ի տարբերություն կալանավորման, որի կիրառման համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի առկայությունը և դրա բավարար լինելը որոշվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած իրավական դիրքորոշումներով սահմանված չափանիշներով, ձերբակալման դեպքում ենթադրյալ հանցանքը կատարած լինելու կասկածի հիմնավոր լինելը և դրա ապացուցվածության աստիճանը (ապացուցման շեմը) որոշված է օրենքով: Մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում օրենսդիրը որպես ձերբակալման հիմք սահմանել է հենց հիմնավոր կասկած առաջացնող փաստացի իրավիճակները, որոնցից որևէ մեկի առկայությունն ինքնին բավարար է անձին ձերբակալելու համար: Այս սկզբունքից միակ բացառությունը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, որի դեպքում հիմնավոր կասկածից զատ օրենսդիրը սահմանել է նաև, որ պետք է միաժամանակ անձը դեպքի վայրից կամ քրեական վարույթն (ձերբակալումն իրականացնելու իրավասություն ունեցող) իրականացնող մարմնից թաքնվելու փորձ կատարի կամ չունենա բնակության մշտական վայր, կամ նրա ինքնությունը պարզված չլինի: Այսինքն՝ կասկած ծնող իրավիճակները հանդիսանում են նաև անձին ձերբակալելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 4-րդ կետերով նախատեսված հիմքերը և դրանով պայմանավորված կասկածի հիմնավոր լինելը տվյալ դեպքում պետք է գնահատել օրենքով սահմանված իրավիճակներով, այլ ոչ թե հետագայում ձեռք բերված և այն հաստատող այլ ապացույցներով:

  Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պետք է գնահատի, թե արդյոք տվյալ դեպքում առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ իրավիճակ, թե ոչ։

  Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած հասկացությունը չի ենթադրում կասկածի հետագա հիմնավորման պահանջ, քանի որ նման դեպքերում կխախտվի անմիջականության չափանիշը: Այսինքն՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածը բացառում է կասկածի հետագա հիմնավորման հնարավորությունը, այն միշտ պետք է առկա լինի ի սկզբանե:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".