09.02.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՆՑԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԾԱԳԱԾ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ, ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

 2024 թվականի հունվարի 18-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում անձի ձերբակալման հիմքերի, առանձնահատկությունների, դատավարական կարգի, «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» ծագման անմիջականության ակնհայտությունը որոշելու չափանիշների, ինչպես նաև ապացուցողական գործողություն կատարելիս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալման հնարավորության հարցերի վերաբերյալ։

 Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալման ինստիտուտի հիմքում դրված է հանցագործության կանխման և խափանման in flangranti delicto (անձին ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին (տաք հետքերով) բռնելու) սկզբունքը: Նման իրավիճակները, որպես կանոն լինում են այն դեպքերում, երբ, օրինակ՝ ոստիկանությունն իրականացնում է օրենքով նախատեսված գործառույթները (հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարելու կամ հասարակական կարգի պահպանության պարտականությունները (<<Ոստիկանության մասին>> ՀՀ օրենքի 10-րդ, 11-րդ, 19-րդ, 27-րդ և 36-րդ հոդվածներ) կամ համապատասխան հաղորդման հիման վրա մեկնում է ենթադրյալ հանցագործության կատարման վայր (ՀՀ Կառավարության 23 նոյեմբերի 2017 թվականի N 1495-Ն որոշում)) և տեղում «ֆիզիկապես» բախվում է ենթադրյալ հանցանքի և այն կատարող անձի հետ և արձագանքում քրեական օրենքի խախտման փաստին: Դրա համար քննարկվող հիմքով ձերբակալված անձն ազատ արձակվելուց հետո չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 5-րդ մաս), քանի որ ենթադրյալ հանցանքը կատարած լինելու կասկածի հիմքերն արդեն անցյալում են:

 Վճռաբեկ դատարանի վերոնշյալ հետևությունները հիմնված են ձերբակալման այս տեսակի հիմքերի բովանդակային վերլուծության վրա, որոնք իրենցից ներկայացնում են այնպիսի փաստացի իրավիճակներ, որոնք վկայում են ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքների (օբյեկտիվ կողմի հատկանիշների) և այն կատարող անձի ձերբակալում իրականացնող պաշտոնատար անձին անմիջականորեն հայտնի դառնալու մասին: Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալումը կիրառվում է այն դեպքում, երբ ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքները (օբյեկտիվ կողմի հատկանիշները) և այն կատարող անձն իրավասու մարմնին հայտնի են դառնում հենց այդ հոդվածում թվարկված իրավիճակներից որևէ մեկի ակնհայտ առկայության դեպքում, այսինքն՝ ակնհայտ անմիջականորեն:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է երկու փոխկապակցված գործոն ձերբակալման քննարկվող տեսակի հիմքում ընկած «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» ծագման անմիջականության ակնհայտությունը որոշելու համար։

 Առաջինը ժամանակային գործոնն է, այսինքն՝ երբ հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը հաստատող փաստական իրավիճակի ի հայտ գալու և անձին ազատությունից զրկելու միջև ժամանակային խզում չկա (օրինակ, նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս) կամ աննշան է (օրինակ, անձը բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջապես հետո կամ ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարքը կատարողի կամ տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր): Վերջին դեպքում թեև ձերբակալում իրականացնող պաշտոնատար անձն անմիջականորեն չի հետևում ենթադրյալ հանցանքի կատարման փաստական հանգամանքներին, սակայն դրանից անմիջապես հետո («կարճ ժամանակի հայեցակարգ») հայտնաբերում է ենթադրյալ հանցանքը կատարողին կամ ենթադրյալ հանցանքին նրան առնչության մասին վկայող բացահայտ հետքեր:

 Երկրորդը՝ հանցանքի արտաքին դրսևորման գործոնն է, երբ ձերբակալումն իրականացվում է ենթադրյալ հանցանքի արտաքին հանցանշանների (բացահայտ հետքերի) հիման վրա (indices apparents): Այս գործոնը կապված է կոնկրետ հանցանքի բնույթի և կատարման փաստական հանգամանքների հետ (օբյեկտիվ կողմի հատկանիշների), քանի որ միայն ակնհայտության պայմաններում կատարված հանցագործությունների դեպքում է, որ ոստիկանության աշխատակիցները քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանն արձագանքում են անմիջապես:

 Վճռաբեկ դատարանը գտել է, որ քննարկվող երկու գործոնների միաժամանակյա առկայության դեպքում է, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով իրականացված ձերբակալումը կարող է համարվել իրավաչափ, դրանցից մեկի բացակայությունը ձերբակալումը դարձնում է ոչ իրավաչափ դրանից բխող հետևանքներով:

 Վճռաբեկ դատարանն անդրադառնալով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում անձին ձերբակալելու ինստիտուտի կիրառման դատավարական կարգի առանձնահատկություններին, արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծությունից հետևում է, որ ձերբակալման քննարկվող տեսակը կիրառվում է հետաքննության մարմնի աշխատակցի կողմից առանց նախապես կայացված դատավարական որոշման, քանի որ այն հանդիսանում է օրենքով նախատեսված փաստական իրավիճակներից որևէ մեկին հակազդելու դատավարական հիմնական ձևը, որի դատավարական ամրագրումը (հետաքննության մարմնի աշխատակցի կողմից արձանագրություն կազմելը, այնուհետև՝ քննիչի կողմից որոշում կայացնելը) միշտ իրականացվում է հետո (post factum), երբ ձերբակալվածը բերվում է հետաքննության մարմին կամ վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող մարմին:

 Ձերբակալման տվյալ տեսակի առանձնահատկությունը նաև նրանում է, որ այն որպես կանոն կիրառվում է մինչև քրեական վարույթ նախաձեռնելը և հենց ձերբակալման փաստն էլ դառնում է քրեական վարույթ նախաձեռնելու առիթը: Այսինքն՝ ձերբակալման քննարկվող տեսակը (դրան ուղեկցող անձնական խուզարկության հետ միասին) այն բացառիկ դատավարական միջոցն է, որը կիրառվում է մինչև քրեական վարույթ նախաձեռնելը և բացառապես ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի աշխատակցի կողմից սեփական նախաձեռնությամբ (առանց քննիչի որոշման կամ հանձնարարության) և կարող է տևել առավելագույնը 6 ժամ՝ մինչև քննիչի կողմից ձերբակալելու կամ ազատ արձակելու մասին որոշում կայացնելը:

 Վճռաբեկ դատարանի վերջին հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո հետաքննության մարմինն իրականացնում է քննիչին օժանդակող գործառույթ և օպերատիվ-հետախուզական գործունեություն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի             42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետեր): Հետևաբար, նախաձեռնված քրեական վարույթի դեպքում, երբ իրականացվում է կոնկրետ դեպքի հանգամանքների վերաբերյալ նախաքննություն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալման կիրառում հնարավոր չէ, անկախ նրանից, թե քննության արդյունքում հայտնի է դառնում ենթադրյալ հանցանք կատարած անձը, որը մինչ այդ անհայտ էր կամ քննիչի կողմից ձեռք են բերվում քննության առարկա դեպքին կոնկրետ անձի առնչությունը հաստատող ապացույցներ: Այս կանոնից միակ բացառությունը վերաբերում է գաղտնի քննչական գործողություններ կատարելու ընթացքում ենթադրյալ հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու հնարավորությանը, քանի որ հետաքննության մարմնի աշխատակիցը տվյալ դեպքում գործում է սեփական նախաձեռնությամբ և անմիջականորեն կարող է բախվել ենթադրյալ հանցանքի փաստին և այն կատարողին:

 Մասնավորապես՝ այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը հետաքննության մարմնի աշխատակիցների օժանդակությամբ իրականացնում է որևէ ապացուցողական գործողություն և հայտնաբերում է տվյալ վարույթի առարկան կազմող ենթադրյալ հանցանքին վերաբերող իրեղեն կամ այլ ապացույց, ապա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալում չի կարող իրականացնել, քանի որ ինքնին ապացույց ձեռք բերելը չի համապատասխանում ձերբակալման օրենքով նախատեսված հիմքերին, նկատի ունենալով, որ առերևույթ հանցանքի փաստն արդեն իսկ անցյալում է և հանդիսանում է քննության առարկան: Այլ իրավիճակ է, երբ ձեռք է բերվում նոր առերևույթ հանցանքի փաստի մասին վկայող ապացույց կամ հայտնաբերվում է նոր առերևույթ հանցանքի փաստ, քանի որ տվյալ դեպքում այն հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված փաստացի իրավիճակ, որի դեպքում հետաքննության մարմնի աշխատակիցն իրավասություն է ստանում գործադրելու ձերբակալման ինստիտուտը: Այս մոտեցման իրավաչափությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ դեպքում հետաքննության մարմնի աշխատակիցն անմիջականորեն ականատես է լինում նոր առերևույթ հանցանքի փաստին և դրանով իսկ իրավունք ստանում իրագործելու ձերբակալումը, որից հետո արդեն պետք է քննարկվի այդ փաստի առթիվ նոր վարույթ նախաձեռնելու և քննիչի որոշման հիմքով այդ անձին ձերբակալելու կամ ազատ արձակելու հարցերը: Նման դեպքերում թեև ձերբակալումն իրականացվում է նախաձեռնված վարույթի պայմաններում, սակայն այն կապված չէ այդ վարույթի առարկայի հետ և հենց այդ հիմքով էլ դառնում է իրավաչափ գործողություն:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".