17.11.2025

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌՈՎ ՀԱՍՏԱՏԱԾ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը, 2025 թվականի նոյեմբերի 14-ի թիվ ԵԴ/37654/02/22 որոշմամբ արձանագրել է, որ թեև հաշտության համաձայնությունը հանդիսանում է դատական վարույթի կողմերի ազատ կամահայտնությամբ կնքվող պայմանագիր (գործարք), որն ուղղված է փոխադարձաբար ընդունելի պայմաններով քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն, այդուհանդերձ վեճն ըստ էության լուծող դատական ակտով՝ վճռով հաստատվելու փաստի ուժով այն իր էությամբ ու իրավական հետևանքներով փոխակերպվում է դատական ակտի և կարող է վիճարկվել բացառապես օրենքով նախատեսված բողոքարկման կամ վերանայման մեխանիզմով։

  Նման պայմաններում գործին մասնակցող անձինք հաշտության համաձայնության դրույթները կարող են վիճարկել միայն տվյալ հաշտության համաձայնությունը հաստատած վճռի բողոքարկման կամ վերանայման օրենքով նախատեսված ընթացակարգերով։ Համապատասխանաբար դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնության կամ դրա առանձին պայմանների նկատմամբ քաղաքացիական օրենսդրության՝ գործարքների անվավերության, պայմանագիրը դատական կարգով փոփոխելու կամ լուծելու վերաբերյալ իրավակարգավորումները կիրառելի չեն, հետևաբար դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնության պայմանները վերանայելու վերաբերյալ հայցերը, անկախ դրանց հիմքերից, ենթակա չեն քննության քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ այլևս դուրս են դատարանի իրավասության շրջանակներից:

  Վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձինք չեն օգտվում դատական ակտը բողոքարկելու օրենքով իրենց վերապահված հնարավորությունից, և գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, այդ պահից այն ստանում է վերջնական բնույթ, դառնում է անհերքելի (անփոփոխելի, անբողոքարկելի), պարտադիր ու ապահովվում է պետական հարկադրանքի ուժով, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք ու քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով լուծված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում։ Ըստ այդմ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնության պայմանները վերանայելու վերաբերյալ հայցադիմումի ընդունումը պետք է մերժվի, իսկ այն դեպքում, երբ այն սխալմամբ ընդունվել է վարույթ, դատարանը պարտավոր է կայացնել գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատական ակտ՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով։

 

Որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ՝  https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil-cases/3055

 

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".