08.02.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՈՎ ՔՆՆԻՉԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը 2024 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ անդրադառնալով ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների վարույթով քննիչի միջնորդության բովանդակությանը ներկայացվող պայմաններին՝ արձանագրել է, որ որպես այդպիսիք, ի թիվս այլնի, նախատեսված են այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել։

  Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ օրենսդրի կողմից օգտագործված «վերաբերելի տվյալներ» եզրույթը չի սահմանափակվում բացառապես անձի անունով, հայրանունով, ազգանունով և ներառում է նաև այնպիսի տվյալներ, որոնք անմիջականորեն կապված են անձի հետ և կարող են օգտակար լինել ինչպես անձի ինքնությունը բացահայտելու, այնպես էլ քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար։ Որպես այդպիսին, օրինակ, կարող են լինել անձի բնակության, աշխատանքի վայրերի, օգտագործվող հեռախոսահամարի, էլեկտրոնային կամ ինտերնետ պրոտոկոլի (IP) հասցեների, բանկային քարտի կամ հաշվեհամարների վերաբերյալ տվյալները։

  Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանը քննիչի կողմից պահպանված լինելու հարցի լուծումը պայմանավորված է կոնկրետ քրեական վարույթի առանձնահատկություններով։ Այլ կերպ, յուրաքանչյուր դեպքում այդ հարցը լուծելիս, դատարանները պետք է հաշվի առնեն քրեական վարույթի կոնկրետ հանգամանքները՝ միջնորդվող ապացուցողական գործողության տեսակը, քրեական վարույթի քննության փուլը, ինչպես նաև այն տվյալները, որոնք ակնկալվում է ստանալ միջնորդվող ապացուցողական գործողության կատարման արդյունքում։

  Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ քննարկվող պայմանի պահպանվածության տեսանկյունից, անհրաժեշտ է, որպեսզի քննիչի միջնորդության մեջ, հայտնի լինելու դեպքում, նշված լինեն անձի ինքնությունը հաստատող տվյալները, այդ թվում՝ անունը, հայրանունը, ազգանունը։ Այնուամենայնիվ, հնարավոր են իրավիճակներ, երբ կոնկրետ դեպքով պայմանավորված (օրինակ, երբ ենթադրյալ հանցանք կատարած անձի ինքնությունը բացահայտված չէ) քննիչն օբյեկտիվորեն զրկված է լինում անձն անհատականացնող վերը թվարկված տվյալները միջնորդությունում ներառելու հնարավորությունից և, նշելով քրեական վարույթի քննության տվյալ փուլում պարզաբանված, անձին որոշակիորեն անհատականացնող վերաբերելի այլ տվյալներ, միջնորդվող ապացուցողական գործողության կատարման արդյունքում ակնկալում է բացահայտել անձի ինքնությունը։ Այդպիսի իրավիճակներում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, դատարանները պետք է ապացուցողական գործողությունների կատարման վարույթ հարուցելու որոշում կայացնեն և հարուցված վարույթի շրջանակներում, ներկայացված միջնորդության հիմնավորվածության քննարկման շրջանակներում արդեն անդրադառնան այն հարցին, թե արդյո՞ք քննիչն օբյեկտիվորեն զրկված է եղել անձի ինքնությունը հաստատող տվյալները, այդ թվում՝ անունը, հայրանունը, ազգանունը, միջնորդությունում ներառելու հնարավորությունից։ 

  Արդյունքում, Վճռաբեկ դատարանը հանգել է հետևության, որ անձին վերաբերելի տվյալներից անունը, հայրանունը, ազգանունը քննիչի միջնորդությունում նշված չլինելու հիմքով ապացուցողական գործողությունների կատարման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելն այն դեպքում, երբ քննիչի կողմից նշվել են քրեական վարույթի քննության տվյալ փուլում հայտնի դարձած՝ անձին վերաբերելի այլ տվյալներ, իրավաչափ չէ ու չի ապահովում վարույթի ընթացքում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը։

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".