26.02.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼԻՍ ԵՎ ԴՐԱ ՏԵՍԱԿՆ ԸՆՏՐԵԼԻՍ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ  ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

  Վճռաբեկ դատարանը, 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԵԴ/0190/01/21 որոշմամբ, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկայի վրա և զարգացնելով իր՝ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառման անհրաժեշտության և դրա տեսակի ընտրության վերաբերյալ դատարանի եզրահանգումը չի կարող հիմնվել ժամանակային մեծ խզմամբ ձեռք բերված փորձագիտական եզրակացության հետևությունների վրա: Մասնավորապես, դատարանները պետք է հաշվի առնեն, որ անձի նկատմամբ մինչդատական վարույթի շրջանակներում նշանակված դատահոգեբուժական փորձաքննության անցկացման և դատական վարույթի ավարտի միջև երկար ժամանակային խզման դեպքում, անձի հոգեկան վիճակը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ անձի հոգեկան առողջության վերաբերյալ մինչդատական վարույթի փուլում ստացված փորձագիտական եզրակացությունը դարձնելով ժամանակավրեպ։ Այլ խոսքերով, թվարկված դեպքերում անձի նկատմամբ ազատության սահմանափակման հետ կապված բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս և դրա տեսակը որոշելիս պետք է գնահատվի անձի հոգեկան առողջության վիճակը՝ դատական քննության տվյալ պահի դրությամբ։ Այսինքն, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ հարկադրանքի միջոցի կիրառումը և դրա տեսակի ընտրությունը պետք է արդարացված լինի և հիմնավորվի անձին ազատությունից զրկելու անհրաժեշտությամբ՝ ելնելով դատարանի որոշման կայացման պահին նրա հոգեկան առողջության վիճակից։

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".