29.02.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՀԱՆՑԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանն իր թիվ ԱՎԴ/0009/01/18 որոշմամբ քննարկման առարկա է դարձրել այն հարցը, թե արդյոք 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգքրի 75-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և այդ պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու վերաբերյալ դրույթը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով բավարար իրավական հիմքեր է նախատեսում  խոշտանգում կամ դրան հավասարեցված այլ հանցանքներ կատարած անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ չկիրառելու համար։ Արդյունքում, հիմնվելով խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի՝ որպես միջազգային իրավունքի համապարադիր կամ jus cogens նորմի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված հիմնարար միջազգային պայմանագրերի և դրանց հիման վրա գործող մարմինների ձևավորած դիրքորոշումների վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոշտանգում կամ դրան հավասարեցված այլ արարքներ կատարած անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները կիրառելի չեն: Այսպես, Վճռաբեկ դատարանը, ժամանակագրական առումով վերլուծելով խոշտանգումների բացարձակ արգելք նախատեսող հիմնարար միջազգային պայմանագրերի, մասնավորապես՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացման, այդ պայմանագրերի բաղկացուցիչ մասը կազմող՝ դրանց հիման վրա գործող միջազգային մարմինների ձևավորած փաստաթղթերում, մասնավորապես Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում, Եվրոպական դատարանի վճիռներում խոշտանգում կամ դրան հավասարեցված արարքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետների կիրառման արգելքի ամրագրման գործընթացը, Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա ստացված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի՝ «Ըստ էության խոշտանգման բնույթի արարք համարվող հանցանքի քրեական հետապնդման, դատապարտման և պատժի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառելիության վերաբերյալ» խոհրդատվական կարծիքը, խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումների արգելքի վերաբերյալ ներպետական օրենսդրության՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխանեցմանն ուղղված գործընթացը և դատական պրակտիկան, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը, 1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը նախատեսելով որպես իրավական համակարգի բաղկացուցիչ մաս և վավերացնելով խոշտանգումների դեմ պայքարի հիմնական միջազգային փաստաթղթերը, հստակ հանձնառություն է ստանձնել օրենսդրորեն և գործնականում արդյունավետ մեխանիզմներ նախատեսել խոշտանգումների և դրանց հավասարեցված արարքների քրեականացման, դրանց վերաբերյալ դեպքերով արդյունավետ քննություն իրականացնելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ այնքանով, որքանով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքն ուղղակիորեն ամրագրում էր միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և դրանցով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ կիրառելու արգելք, իսկ Հայաստանի Հանրապետությունը խոշտանգումների դեմ պայքարի հիմնական միջազգային պայմանագրերի վավերացմամբ պարտավորվել է հետևել նաև այդ պայմանագրերի դրույթների մեկնաբանությանն ու կիրառությանն ուղղված՝ կոնվենցիոնալ մարմինների կողմից ընդունված փաստաթղթերում ամրագրված պահանջներին, հետևաբար, Հայաստանի Հանրապետության Սահամանադրության ուժով, Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը կազմող միջազգային իրավունքի նորմերի հիման վրա կարելի է փաստել, որ առնվազն ՀՀ քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա՝ 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, առկա էր խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանք կատարելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք։

 

 

Մանրամասն տե՛ս հետևյալ հղմամբ՝ http://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2295

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".