ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճռաբեկ դատարանը, իրավունքի զարգացման գործառույթի իրացման համատեքստում, 2025 թվականի օգոստոսի 5-ի թիվ ԵԴ1/0288/13/23 որոշմամբ վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումները, արձանագրել է, որ պատժի կատարման փուլում դատապարտյալին ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու կարգի նկատմամբ կիրառելի են ՀՀ քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու վերաբերյալ իրավակարգավորումները։
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատական ակտի կատարման փուլում ծագած՝ դատապարտյալի հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու հարցի քննարկումը դուրս է քրեական վարույթի, ուստի և քրեական դատավարության կարգավորման առարկայի շրջանակից՝ միաժամանակ արձանագրելով, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու կարգն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ Կառավարության համապատասխան որոշումներով, իսկ պատժի կատարման փուլում դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հարցը որևէ նորմատիվ իրավական ակտով կարգավորված չէ, ըստ այդմ՝ քրեադատավարական հիշյալ կանոնը պատժի կատարման փուլում կիրառման ենթակա չէ։
Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ կոնկրետ դեպքում դատապարտյալին հիվանդության հետևանքով պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ որոշում կայացնելը բխում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ խոշտանգումների կամ անմարդկային կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի շրջանակում պետության պոզիտիվ պարտականությունների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած դիրքորոշումներից, համաձայն որոնց՝ թեև Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես առողջական վիճակի հիմքով կալանավորված անձանց ազատ արձակելու ընդհանուր պարտավորություն առաջացնող դրույթ, այնուամենայնիվ այն պետության համար առաջացնում է ազատությունից զրկված անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ այդ թվում անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով պաշտպանելու պարտականություն:
Որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ՝ https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2948
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".